Մատչելիության հղումներ

Հետվճարի փոփոխված հաշվարկով թոշակը «ոչ թե ավելացել, այլ մի բան էլ կրճատվել է»


77-ամյա Օֆելյա Վարդապետյանը զրուցում է «Ազատության» հետ, Գյումրի, 25-ը սեպտեմբերի, 2024թ.
77-ամյա Օֆելյա Վարդապետյանը զրուցում է «Ազատության» հետ, Գյումրի, 25-ը սեպտեմբերի, 2024թ.

Կառավարությունը փոփոխություններ է կատարել կենսաթոշակից ու նպաստից անկանխիկ գործարքների հետվճարի` քեշբեքի համակարգում։ Հետվճարը 10-ի փոխարեն 12 տոկոս է դարձել, այսինքն՝ թոշակառուն նախկին 5000-ի փոխարեն կարող է մինչև 6000 դրամ իր անկանխիկ գործարքների արդյունքում ետ ստանալ։

Փոխարենը՝ գործադիրը սահմանափակումներ է մտցրել, ու սեպտեմբերից 1-ից այլևս կոմունալ վճարների ու հեռախոսների լիցքավորման համար քեշբեք չի հաշվարկվի։

Թե ինչու այսուհետ կոմունալ վճարներից հետվճար չի հաշվարկվի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստի ժամանակ էր բացատրել. անկանխիկ գործարքներից հետվճարի ներդրումը ստվերային շրջանառության կրճատմանն է միտված, իսկ կոմունալ վճարումները ստվերից դուրս են։

«Իրականում երբ որ մենք բացառում ենք նաև կոմունալից հետվճար տրամադրել, դա նշանակում է, որ մենք սրանով նաև խթանում ենք, որ ինքը ավելի շատ անկանխիկ անի, որ հնարավորինս շատ հետվճար ստանա, անկանխիկ առևտուր անի, որովհետև յուրաքանչյուր ընտանիք կոմունալի համար նախատեսված ծախսը ամեն ամիս պարտադիր կատարվող ծախսերից մեկն է, որը ստվերում չի իրականացնում», - ասել էր նախարարը:

Պաշտոնական տվյալներով՝ հուլիսի 1-ի դրությամբ հետվճարի ծրագրից օգտվում է շուրջ 240 հազար շահառու։ Ծրագրի մեկնարկից ի վեր կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճարի տեսքով շուրջ 9 մլրդ դրամ է վճարվել։ Թեև գործադիրում անկանխիկից հետվերադարձի առավելագույն չափը 5000-ից 6000 դրամ դարձնելը կենսաթոշակառուների իրական եկամուտների աճ են համարում, հենց ծրագրից օգտվողները կարծում են, որ նման եղանակով իրենց կենսամակարդակում որևէ փոփոխություն չի լինի։

«Ես գտնում եմ, որ կենսաթոշակի բարձրացումը ավելի ճիշտ է», - ասում է 77-ամյա Օֆելյա Վարդապետյանը: Նա 42 տարվա աշխատանքային ստաժի դիմաց 58 հազար դրամ թոշակ է ստանում, նաև որպես միայնակ անժառանգ կին՝ 20 հազար դրամ նպաստ։ Օգտվում էր անկանխիկ գործարքի հետվճարի ծրագրից։ Երկու տարի ամեն ամիս 5000 դրամ հետվճար է ստացել, ասում է՝ ինչ-որ չափով «մատից փուշ հանել է»։ Հանրագումարում միայնակ թոշակառուի բյուջեն 83 հազար դրամ է կազմում։

Տիկին Օֆելյան հաշվել է՝ ձմռան ամիսներին 30-35 հազար դրամ կոմունալ է վճարում, հետվճարի այս հաշվարկով թոշակը ոչ թե ավելացել, այլ մի բան էլ կրճատվել է։ - «Եթե 5000 էր, հիմա 12 տոկոսով 6000 է դառնում, պարզ հաշիվ է՝ եթե ես 6000-ից 30, ես մինիմումն եմ գցում, 30 հազարինը լինում է 3000, բայց 12 տոկոսով՝ 3600 դրամ, ահա, 6000-ից որ հանես 3600-ը, կմնա այնտեղ 2400 դրամ՝ էն դեպքում, եթե միայն անկանխիկ առևտուր անենք, այսինքն՝ կանխիկ ոչ մի դրամ չհանես թոշակից: Բայց հնարավո՞ր է, որ չհանեմ: Այսինքն, 35 հազար դրամ ստիպված եք կանխիկացնել՝ այո, 3500 դրամ կկորցնեմ»:

Տնակում ապրող գյումրեցի միայնակ թոշակառուն բնակարանի փոխհատուցման ծրագրից չի օգտվել։ Հույս ունի գոնե սոցիալական բնակարան ստանալ, կոմունալ ծախսերն էլ կրճատել։ Ասում է՝ ինչ տնակ ջեռուցես ձմռանը, ինչ բնակարանը։

XS
SM
MD
LG