Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է հետ կանչի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Տիգրան Գրիգորյան


Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի հաջորդ տրամաբանական քայլը «պիտի լինի Իրանի սահմանից ռուսներին հեռացնելը»։ Այս մասին նա նշեց «Ազատության» հետ զրույցում։

«Ես գիտեմ, որ քննարկումներ ընթանում են այս թեմայով իշխող ուժում, կառավարության և այլ դերակատարների հետ։ Հիմա տեսնում ենք, թե ինչպես են ակտիվացել խոսակցությունները «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված. ռուսական կողմը, ինչպես նաև ադրբեջանական կողմը հիմնական փաստարկը, որը բերում է ռուսական ներկայությունն արդարացնող, այն է, որ հիմա էլ են կանգնած ռուսները Հայաստան-Իրան սահմանին։ Այսպիսի խոսակցությունները չեզոքացնելու համար պետք է հնարավորինս շուտ գնալ այդ որոշմանը և նաև հաշվի առնելով, որ այս հնարավորությունների պատուհանը, որ հիմա կա, կարող է ընդմիշտ չլինել, կարող է սա փակվել», - նշեց քաղաքական մեկնաբանը։

Մոտ երկու ամիս առաջ ռուս սահմանապահները հեռացան «Զվարթնոց»-ից։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է նաև հետ կանչի իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) հայտարարությունից։

«Ազատության» հարցին, թե հաշվարկե՞լ է այս ստորագրության հետքաշման վտանգները, Տիգրան Գրիգորյանը պատասխանեց. - «Ակնհայտ է, որ մյուս կետերը կամ չեն կատարվել, կամ էլ չեն կատարվելու Ադրբեջանի կողմից, ակնհայտ է նաև, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ զսպող դերակատարություն վերջին տարիների ընթացքում չի ունեցել։ Հայաստանի դեմ բոլոր այս հարձակումները, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը իրականացվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի գոյության պայմաններում...»։

  • 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմերը շարունակում են միմյանց մեղադրել այդ փաստաթղթի 9-րդ կետը մանիպուլացնելու և ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:
  • Ընդ որում՝ վերջին մեկ ամսում Մոսկվան և Բաքուն այդ հարցով Երևանին քննադատում են գրեթե ամենօրյա ռեժիմով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհներն ապաշրջափակել՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, բայց և շեշտել՝ այն չի ենթադրում ինքնիշխանության զիջում:

Տիգրան Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG