Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սաուդյան Արաբիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 2023-ի նոյեմբերի վերջին։ Արձանագրությունը ստորագրեցին Կարեն Գրիգորյանն ու Սաուդյան Արաբիայի դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարին Աբու Դաբիում։
Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ղարաբաղյան հակամարտության պատճառով: Էր-Ռիյադը հայտարարել էր, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։
Սակայն այս երկրի քաղաքականությունը Երևանի նկատմամբ փոխվեց, երբ մի քանի տարի առաջ վատթարացան Էր-Ռիյադի հարաբերություններն Անկարայի և նրա սերտ դաշնակից Բաքվի հետ։
2021-ի հոկտեմբերին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Էր- Ռիյադ: Նախագահականն այդ այցը պատմական որակեց, կառավարությունն էլ հարաբերությունների հաստատման հեռանկար տեսավ։