Չնայած Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բացասական պատասխանին՝ հայկական սպորտի պատասխանատուները հետքայլ անելու մտադրություն չունեն, արդարության հետևից պատրաստ են մինչև Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան հասնել։ Հայաստանի հավաքականում շարունակում են ահազանգել՝ ավարտված Փարիզ 24-ում ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտում մրցավարական սխալ է եղել, ինչի հետևանքով մարզիկը զրկվել է ոսկե մեդալից:
«Մենք վստահ ենք, որ մենք ճիշտ ենք, որ կողմնակալություն է եղել, եթե ոչ կողմնակալություն՝ գոնե սխալ մրցավարություն: Ու թող ապացուցեն, որ կողմնակալություն չէր, այլ սխալ մրցավարություն էր, թող ապացուցեն, որ միտում չկար, ուղղակի մարդ են, սխալվել են, մենք էլ ասենք՝ լավ, ներում ենք, մեր մեդալը տվեք, ձեռ ձեռի տանք, բարիշենք», - հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Փոխնախարարը, որն Օլիմպիական խաղերին հենց տեղում էր հետևում, ասում է՝ բոլոր անկախ մասնագետները միակարծիք են՝ սխալ են դատել։ Եզրափակիչ գոտեմարտի վճռորոշ հատվածում Ալեքսանյանի մրցակցի ոտքերը գորգի սահմաններից դուրս էին եկել, հենց այս դրվագն է վիճարկում հայկական կողմը՝ պնդելով, թե սրա համար Արթուրին պետք է միավոր տային:
«Ասում եմ՝ մինչև վերջ, մինչև Լոզան գնալու ենք, երկրորդ տարբերակ չկա այստեղ: Այստեղ և՛ մարզիկի, և՛ պետության հեղինակության խնդիր է, և մենք էդ հեղինակությունը կփորձենք պաշտպանել», - ընդգծեց Գիլոյանը:
Օլիմպիականներն արդեն Հայաստանում են։ Հույս կա, օդանավակայանի սրահում ասաց անձամբ Ալեքսանյանը: «Մեր բոլոր բողոքարկումները ոչ մեկը չի անցել, նույն Սլավիկ Գալստյանի համար կարող եմ ասել՝ կիսաեզրափակիչում հաղթեց, հետո բողոքարկեցին ու լրիվ փոխեցին, լրիվ գոտեմարտի ելքը փոխվեց: Բայց եթե նայենք, պիտի Սլավիկը եզրափակիչում հանդես գար», - նշեց գյումրեցի ըմբիշը:
Ալեքսանյանը չորրորդ օլիմպիական խաղերն անընդմեջ մեդալով Հայաստան վերադարձավ։ Ունի և՛ ոսկի, և՛ արծաթ, և՛ բրոնզ։
Ծանրորդ Վարազդատ Լալայանին ոսկե մեդալից 3 կիլոգրամ բաժանեց։ Վրացի ռեկորդակիր Լաշա Տալախաձեն համառ պայքարում առաջին տեղը զբաղեցրեց:
«Գոհ եմ արդյունքիցս: Մենք ուրիշ մեդալի համար էինք մեկնել Փարիզ, բայց չենք տխրում, ունենք այն, ինչ ունենք, ձգտում ենք ավելիին, պատրաստվում ենք Լոս Անջելես 28-ին», - ասաց Լալայանը:
Մարզիկներն արդեն հարազատ Գյումրիում են:
Հաջորդ Օլիմպիական խաղերին Լալայանին գուցե այլ մասնագետ նախապատրաստի։ Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարում է՝ պաշտոնից հեռանալու հավանականությունը մեծ է, այլ երկրներում աշխատանքի անցնելու առաջարկներ ունի։
Ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը բրոնզե հաջողության հասավ, սա մարզիկի առաջին օլիմպիական մեդալն է: «Փառք Աստծո, այսօր կարողացա մեդալով վերադառնալ: Երևի այս պահին սրան էի արժանի, այս մեդալին էի պատրաստվել: Դրա համար, ինչ-ինչ պատճառներով, չեմ կարող ասել լիովին ուրախ եմ, քանի որ նպատակս այլ է», - հայտարարեց Ամոյանը:
Փարիզ 24-ում Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ նվաճեցին, արծաթե մեդալակիր մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ավելի վաղ էր Հայաստան վերադարձել։
Ընդհանուր արդյունքներով Հայաստանի օլիմպիական հավաքականը զիջում է բոլոր հարևան երկրներին։