Հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու որոշում այս պահին չկա, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը:
«2024 թվականի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի սահմանապահների կողմից։ Նույնը իրականացվում է նաև Ագարակ սահմանային հատվածում, այսինքն՝ հայ-իրանական սահմանին, և մարտի մեկից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք»,- նշեց ԱԱԾ տնօրենը:
2024-ի հոկտեմբերի սկզբին Մոսկվայում Փաշինյան-Պուտին կես ժամանոց հանդիպումից հետո Երևանը տեղեկացրեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ռուս սահմանապահները դուրս կգան Ագարակի անցակետից, և այնտեղ 2025-ի հունվարի 1-ից հսկողություն կիրականացնեն միայն Հայաստանի սահմանապահները։
2024-ի օգոստոսի 1-ից էլ ռուս սահմանապահները դուրս էին եկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: