Մատչելիության հղումներ

Ագարակի անցակետում այսօրվանից վերահսկողություն են իրականացնում միայն հայ սահմանապահները


Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցակետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են ոչ թե ռուս սահմանապահները, այլ միայն Հայաստանի սահմանապահ զորքերը, հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հոկտեմբերի սկզբին Մոսկվայում Փաշինյան-Պուտին կարճ հանդիպումից հետո Երևանը տեղեկացրեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ռուս սահմանապահները դուրս կգան Ագարակի անցակետից, և այնտեղ հունվարի 1-ից հսկողություն կիրականացնեն միայն Հայաստանի սահմանապահները։

Հայաստանի անկախացումից ի վեր այստեղ սահմանային վերահսկողություն են իրականացրել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ծառայողները, գրել է Փաշինյանը սոցիալական ցանցում՝ նրանց շնորհակալություն հայտնելով մատուցած ծառայության համար:

«Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն և բարի ծառայություն եմ մաղթում», - հավելել է նա:

ԱԳՆ-ից ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էին, որ Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ ուժերի դուրսբերման որոշումից հետո Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսվում։

Այս տարվա օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները դուրս են եկել նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG