Երևանը չի քննարկում ՀԱՊԿ-ում համագործակցությունը վերականգնելու հարցը
Երևանը չի քննարկում ՀԱՊԿ-ում համագործակցությունը վերականգնելու հարցը: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե ռազմաքաղաքական այդ դաշինքին անդամակցությունը դե ֆակտո սառեցրած Հայաստանը որոշումը կվերանայի:
«ՀԱՊԿ-ը պետք է մի հատ վերանայի իրեն, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞, թե՞ գոյություն չունի, և հայտարարի՝ եթե ինքը գոյություն ունի, ապա որտեղ է այդ սահմանը, եթե այդ սահմանը գոյություն ունի, ապա ինքը ի՞նչ պետք է անի և ի՞նչ չի արել և ի՞նչ է արձանագրում», - այսօր ասաց Ալեն Սիմոնյանը:
Ռազմաքաղաքական այդ դաշինքի անդամ Հայաստանում համարում են, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն ձախողել է անվտանգային պարտավորությունները, այլ նաև սպառնալիք է երկրի անվտանգությանը: 2022-ի ադրբեջանական հարձակումից հետո հայկական կողմը կառույցից ոչ միայն ռազմական աջակցություն չստացավ, այլ նաև Բաքվի գործողություններին մինչ օրս չի տրվել քաղաքական գնահատական: Ալեն Սիմոնյանն այսօր հերքեց մամուլի պնդումները, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հանձնարարել է բոլոր գերատեսչություններին վերականգնել ռուս գործընկերների հետ կապերը»:
Իշխանությունը փորձում է վերականգնել ՌԴ հետ հարաբերությունները. ընդդիմության գնահատականը
Խորհրդարանական ընդդիմության գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները փորձում են Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերությունները վերականգնել: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգների վարչակազմի փոփոխությունից հետո իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական հովանավորների փնտրտուքի մեջ է:
«Ակնհայտ է վերջին 10-15 օրերի, անգամ քաղաքական լրահոսից ակնհայտ է, որ շփումներն ավելի ինտենսիվացել են», - ասաց պատգամավորը:
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո վարչապետ Փաշինյանը զանգահարեց Ռուսաստանի նախագահին, որպեսզի Վլադիմիր Պուտինին պատմի Ադրբեջանի հետ բանակցությունների ավարտի մասին: Երկու երկրների ղեկավարների զրույցից մեկ շաբաթ էլ չանցած Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ անցկացրին: Երեք օրում էլ երկու հեռախոսազրույց ունեցան արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը:
Պատգամավոր Ագնեսա Խամոյանը նաև այս ակտիվությունը հաշվի առնելով է պնդում՝ Հայաստանի իշխանությունը փորձում մեղմել Ռուսաստանի հետ լարվածությունը. «Անակնկալ չէ, զարմանալ պետք չէ: Մայիսի 9-ին նաև Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա: Ակնհայտ է, որ հիմա պետք է գնան և մեղանչողի հայացքով, հավանաբար նաև ակնարկելով, համոզելով, որ ռուս գործընկերները սխալ են իրենց հասկացել, բոլոր այդ հայտարարություններն այլ կերպ են մեկնաբանվել, և իրենք ուզում են շատ ջերմացնել հայ-ռուսական հարաբերությունները»:
Ազգային ժողովի նախագահն այսօր շեշտեց՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա հարցերին դեռ պատասխաններ չեն տրվել: Խնդիրներից խոսել են նախկինում, այժմ էլ կշարունակեն խոսել: Իսկ արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին պնդումներն, Ալեն Սիմոնյանն ասաց, իրականությանը չեն համապատասխանում:
«Կա մի իրականություն, որ Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանում է: Երբ իրեն խաբում են, գցում են, դա արձանագրում ու բարձր ասում է, երբ մի բանի հետ համաձայն չի, դրա մասին ասում է, երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է: Մենք երբևիցե չենք հայտարարել, որ որևէ երկրի խզում ենք, պետք է խզենք մեր հարաբերությունները, նույնը վերաբերում է Ռուսաստանին», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Փաշինյանը շարունակում է տեր ման գալ. Մամիջանյան
Ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, այլև առհասարակ արտաքին քաղաքական բոլոր հարցերում, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգը մեկն է՝ համագործակցել այն ուժի կամ ուժերի հետ, որոնք կապահովեն իշխանության վերարտադրությունը:
«Այն ուժը՝ կապ չունի, թե որ երկիրն է, ոնց է Հայաստանին վերաբերվում, ինչ է ուզում Հայաստանի հետ անել, այն միջազգային ուժը, որը կապահովի իր վերարտադրությունը, իր իշխանության մնալը, նրա հետ պատրաստ է մի այլ կարգի բարիդրացիական հարաբերություններ պահպանվել: Փաշինյանը շարունակում է տեր ման գալ», - ասաց պատգամավորը:
Անցած տարի Փաշինյանը չէր մասնակցել Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին, այս տարի, ըստ Կրեմլի, Հայաստանի վարչապետն ընդունել է Պուտինի հրավերն ու կմեկնի Մոսկվա: