Մատչելիության հղումներ

Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբը «փաստացի հիմա քնած վիճակում է»․ Օվերչուկ


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել, եթե գործընկերները դիմեն, Ռուսաստանը սիրով կշարունակի աշխատել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նախօրեին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է:

«Ինչ վերաբերում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբին, փաստենք, որ հիմա այն քնած վիճակում է։ Բայց գիտենք, որ այս թեմայով շփումներ են իրականացվում գործընկերների միջև», - ասել է Օվերչուկը՝ շարունակելով․ - «Ոչ ոք այն չի փակել, և եթե գործընկերները կապվեն մեզ հետ և մենք կարող ենք ինչ-որ կերպ օգտակար լինել, իսկ մենք կարող ենք, ապա, իհարկե, ուրախ կլինենք շարունակել այս աշխատանքը: Բայց դա կախված է գործընկերներից»։

2022-ի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը պայմանավորվածություն ձեռքերվեց ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ Այնուհետև այդ նպատակով աշխատանքային խումբ ստեղծվեց երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով։

Խումբը մի քանի հանդիպում ունեցավ, սակայն 2022-ի մայիսին, երբ ադրբեջանական կողը մի քանի կիլոմետր առաջ եկավ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում եռակողմ աշխատանքային խումբը դադարեցրեց աշխատանքը։ Հետագայում մի քանի հանդիպումներ խումբն ունեցավ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը 2024-ի մայիսին հայտարարեց, թե երեք երկրների փոխվարչապետերի գլխավորած այդ հանձնաժողովն անցած տարվա ամռանը «հավասարակշռված փոխհամաձայնության է եկել» Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ, բայց Երևանը, ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարարի, Արևմուտքի ճնշման տակ որոշել է սառեցնել այդ փոխգործակցությունը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան էլ այս տարեսկզբին հայտարարեց, թե աշխատանքային խումբը նշանակալի հաջողությունների էր հասել, սակայն դրա աշխատանքը կանգ է առել «հայկական կողմի վրա արևմտականների դեստրուկտիվ ազդեցության հետևանքով»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG