Գազայի հատվածի հարավում կիրակի իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Սալահ ալ-Բարդավիլը, հայտնել են զինյալ խմբավորման ներկայացուցիչները:
«Համաս»-ն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
Խմբավորմանն աջակցող ԶԼՄ-ները հայտնել են, որ Խան Յունիսի ուղղությամբ ավիահարվածի հետևանքով զոհվել է ոչ միայն Բարդավիլը, այլ նաև նրա կինը: Իսրայելցի պաշտոնյաներն առայժմ ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից:
Կիրակի վաղ առավոտյան Գազայի հատվածի ողջ հյուսիսում, կենտրոնում և հարավում պայթյուններ են որոտացել. իսրայելական ինքնաթիռները մի քանի թիրախներ են խոցել այդ շրջաններում:
Չնայած հունվարին հաստատված հրադադարին՝ Իսրայելը մարտի 18-ին վերսկսեց օդային հարվածները Գազայի ուղղությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Արմատական «Համաս»-ն էլ հայտարարեց՝ պահանջները կբավարարվեն, եթե Իսրայելն ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Գազայից ու դադարեցնի ռազմական գործողությունները։
Երեք օր առաջ էլ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին։
Պաղեստինի առողջապահության պատասխանատուները հայտարարել են, որ երեքշաբթի օրը զոհվել է առնվազն 400 մարդ, որոնց կեսից ավելին կանայք և երեխաներ են: