Մատչելիության հղումներ

Իսրայելը վերսկսել է ցամաքային գործողությունները Գազայում


Իսրայելցի զինվորներն Իսրայել-Գազայի սահմանին, 19-ը մարտի, 2025թ.
Իսրայելցի զինվորներն Իսրայել-Գազայի սահմանին, 19-ը մարտի, 2025թ.

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը փոխանցում է, որ նպատակ ունի անվտանգության գոտին ընդլայնել և մասնակի բուֆերային գոտի ստեղծել Գազայի հյուսիսային և հարավային հատվածների միջև:

Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակն ընդլայնել է վերահսկողությունը Գազան երկու հատվածի բաժանող Նեցարիմ միջանցքի նկատմամբ։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ը իսրայելական բանակի գործողությունները հրադադարի համաձայնագրի «նոր և վտանգավոր խախտում» է որակել՝ վերահաստատելով իր հավատարմությունը համաձայնագրին։

Չնայած հունվարին հաստատված հրադադարին՝ Իսրայելը մարտի 18-ին վերսկսեց օդային հարվածները Գազայի ուղղությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Ծայրահեղական «Համաս»-ն էլ հայտարարեց՝ պահանջները կբավարարվեն, եթե Իսրայելն ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Գազայից ու դադարեցնի ռազմական գործողությունները։

Մարտերը Գազայում վերսկսվել են նախորդ հրադադարի պայմանավորվածությունից երկու ամիս անց։ Հունվարի 15-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակում «Համաս»-ն առաջին փուլով վերադարձրել է ավելի քան 30 իսրայելցի պատանդների՝ իսրայելական բանտերից մոտ 2 հազար պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։ Զինադադարի առաջին փուլն ավարտվել է երկու շաբաթ առաջ։ Իսրայելն ու «Համաս»-ն ակնարկել էին, որ պատրաստվում են հրադադարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին:

Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել «Համաս» խմբավորմանը, եթե վերջինս անհապաղ չվերադարձնի իսրայելցի պատանդներին և չհանձնի մահացածների մարմինները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG