«Ֆինանսների ու Առողջապահության նախարարությունները չկարողացան պատասխանատվության բեռը կիսել, և այս տարի էլ հետաձգվեց առողջապահության ապահովագրության առաջին փուլի ներդրումը»,- «Ազատությանն» ասաց առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը:
Այդուհանդերձ, համակարգն, ըստ նրա՝ այս փուլում պատրաստ չէ ապահովագրության ծանր բեռին, հետաձգելը, կարծում է, ճիշտ որոշում էր, բայց բացատրությունը, որ փող չկա՝ անընդունելի. - «Եթե պետք է լինում ինչ-որ ծրագիր կարճել, ուշացնել, հետաձգել, ամենահեշտ ձևը, որ կարելի է ասել, ասում են՝ փող չկա։ Սա պետության պարտավորությունն է բնակչի նկատմամբ առողջապահական մասով»։
Ծաղիկ Վարդանյանը շուրջ 10 տարի բարձր պաշտոններ է զբաղեցրել Առողջապահության նախարարությունում, որից 5 տարին ղեկավարել է առողջապահական գործակալությունը: Այս կառույցն է կառավարության հատկացրած գումարը բաշխում առողջապահական հիմնարկներին:
Վարդանյանը հիշեցնում է՝ այդ գործակալությունը տարիներ առաջ ստեղծվել էր այն նպատակով, որ հետո դառնար առողջապահական ապահովագրության հիմնադրամ: Վերջին երեք տասնամյակներին, սակայն, նախագծերը մնացին միայն թղթերի վրա, ու համակարգն այդպես էլ չներդրվեց:
Փորձագետը խոստովանում է՝ կրկին այդ բեռը կիսելու խնդիր կար, բայց, ասաց, այդ տարիներին բազմաթիվ ծրագրեր են իրագործվել՝ կուտակելով փորձ ու վիճակագրություն, օրինակ՝ մասնավոր ապահովագրությունը: Վարդանյանը կարծում է, որ Առողջապահության նախարարությունն գոնե սկզբնական փուլում պետք է համագործակցի մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ, բայց ճիշտ հակառակ հայտարարություններ է լսում:
«Պետք է իրենց ասեն՝ ընկերներ ջան, որ այս քանի տարի է, դուք այս բոլորն անում եք, սա մենք տվել ենք որպես մոդել, որպես պիլոտ, գաղափարը դա է եղել, քանի որ դուք դրա փորձառությունն ունեիք։ Կոչ եմ անում՝ շարունակակությունը պահեք, այն, ինչ որ ներդրվել է, տարիներով արվել է, որից պետք է մենք ունենայինք արդյունքային ցուցանիշներ, որից պետք է եզրակացություններ անեինք, պահեք, օգտվեք դրանից», - նշեց նա։
Վարդանյանն ասում է՝ հիմա էլ բավականին քայլեր են արվում համապարփակ ապահովագրությունը հնարավորինս սահուն ներդնելու համար, բայց նախագիծը խառն է ու բարդ, ծառայությունների գները հստակ չեն և այլն: Բացի այդ, ըստ փորձագետի՝ վերանորոգվող ու կառուցվող բուժհիմնարկները կարևոր են, բայց եթե բժիշկները, հատկապես մարզերում քիչ են, ապա հատկապես պոլիկլինիկական հատվածը չի դիմանա, ու ռեֆորմը կտապալվի։
«Պատրաստ չէ և՛ առողջության առաջնային պահպանման օղակը, և՛ պատրաստ չէ հիվանդանոցային օղակը այդ բոլորին, հստակ թողունակությունները հաստատված չէ, որովհետև խնդիրներ են առաջանալու նաև թողունակության հետ կապված չէ՞», - նկատեց նա։
Նախորդ շաբաթ պատգամավորներն էին հիշեցնում ֆինանսների նախարարին՝ հետաձգելով ապահովագրության ներդրումը կառավարության խոստումն է մնում անկատար, այնինչ մինչև 2027 թվականը բնակչության ավելի քան 90 տոկոսն արդեն պետք է առողջապահական ապահովագրություն ունենար: Իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ հիշեցրել էր՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման համար դա կարևոր նախապայման է։
«Ես չգիտեմ՝ դա նախապայման է, թե ոչ, պետք է բովանդակային գործընկերների հետ հասկանանք, թե որն է նախապայմանն իրականում, և արդյոք մեր այսօրվա կարգավորումները ինչքանով չեն համապատասխանում այդ նախապայմանին։ Չեմ ուզենա, որ տպավորություն լինի, որ որևէ մեկը կառավարությունում դեմ է, որ Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն լինի», - պատասխանել էր նախարար Վահե Հովհաննիսյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 25-ի բյուջեն խնդրահարույց է համարում. թեև իր ղեկավարած ոլորտի բյուջեն եկող տարվա համար 8.5 տոկոսով ավելացել է, բայց հանվել է համակարգի ներդրմնան համար հաշվարկված շուրջ 163 միլիարդ դրամը։
Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագիծն արդեն ԱԺ-ում է, բայց թե երբ քննարկումները կսկսվեն, հայտնի չէ:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.