Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի 8-րդ օրն է, դիմողներ դեռ չկան


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի մրցույթի ութերորդ օրն է, բայց այս պաշտոնով դեռ հետաքրքրվողներ չկան։ Թեկնածուները տասն օր ունեին դիմումները ներկայացնելու համար, ժամկետը կլրանա դեկտեմբերի 26-ին, մինչ այս պահը ոչ մեկը չի դիմել, ասում է մրցութային հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:

«Իհարկե, եթե դիմումների քանակն իրոք քիչ լինի կամ չլինի, դա եզրահանգումներ անելու և հարցը լուրջ քննարկելու առիթ կլինի: Բայց տեսնենք, դեռ շուտ է այդ եզրահանգման համար», - «Ազատությանն» ասաց Իոաննիսյանը:

Կոռուպցիոն հանցագործությունները քննող այս կառույցը մեկ ամսից ավելի է ղեկավար չունի։ Վարչապետ Փաշինյանը SMS-ով հորդորել էր Սասուն Խաչատրյանին թողնել պաշտոնը։

«Դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է», - հայտարարել էր վարչապետը Կառավարության նիստի ժամանակ:

Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է 2021 թվականից։ Ըստ օրենքի՝ նախագահն ընտրվում է մրցույթով։ Երեք տարի առաջ երեք հոգի էին դիմել, թեկնածուներից մեկը լուծարված Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն էր, նրան էլ Կառավարությունը նշանակեց։

«Կարող ենք օբյեկտիվորեն ենթադրել, որ իշխանության ցանկալի թեկնածուն էր, եկավ, անցավ մեր մոտով, շեմերը հաղթահարեց, մրցութային բալերով, արդեն չեմ հիշում, բայց էդ թոփ երեքի մեջ էր, անցավ ու վարչապետի կողմից նշանակվեց: Էս անգամ իշխանության թեկնածու կլինի, չի լինի, իշխանության թեկնածուն կարող է լինի, գա և բավարար շեմը չհաղթահարի», - նշեց Իոաննիսյանը:

Թափուր պաշտոնի համար պայքարողների թեկնածությունը նախ պետք է հաստատվի թեկնածուների ընտրության հանձնաժողովում։ Մրցութային խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանն է։ Խորհրդի կազմում են Արդարադատության նախարարության, Դատախազության, Ազգային ժողովի մեկական ներկայացուցիչներ, երկու հոգի էլ քաղաքացիական հասարակությունից են՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն ու Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը։

«Ես նորից հուսով եմ, որ կլինեն շատ թեկնածուներ, և շատ թեկնածուներից մենք կկարողանանք մրցակցային ընտրություն անել: Դեռ հույս ունեմ, որ շատ դիմորդներ կլինեն: Ամեն դեպքում, եթե դիմորդները քիչ լինեն, սա լուրջ քննարկման և լուրջ եզրակացություններ անելու առիթ կլինի», - ասաց Իոաննիսյանը:

Կոռուպցիոն հանցագործությունները քննող այս կառույցի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուն պետք է Հայաստանի մշտական քաղաքացի լինի, բարձրագույն կրթություն ունենա, իրավական ոլորտում առնվազն հինգ տարվա ստաժ ունենա։

«Որ նայում ես, թե երկրում քանի հոգի է ուզում դառնալ, պայմանականորեն, Ջրային կոմիտեի նախագահ, ու տեսնում ես, որ շատ ավելի շատ մարդ ուզում է դառնալ Ջրային կոմիտեի նախագահ, քան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, ինչ-որ տարօրինակ հարցեր առաջանում են», - նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարը:

Մինչև Կառավարության կողմից նշանակվելուն հասնելը մի քանի փուլով են անցում։ Նախ փաստաթղթերն են ուսումնասիրում՝ արդյոք թեկնածուները համապատասխանում են չափանիշներին, ու դրական կարծիքի դեպքում արդեն մրցութային խորհուրդը քննության օր է նշանակում և ուղիղ եթերում քննում թեկնածուներին։ Բարեվարքությունն են քննում, ապա թեկնածուները մասնագիտական հարցերին են պատասխանում։ առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից էլ ընտրում են։

Մրցույթը կայացած է համարվում, անգամ եթե մեկ հոգի է դիմում ու հաղթահարում անցողիկ շեմը, ասում է հանձնաժողովի անդամը։ Մրցույթի մեկնարկը դեռ չի նշանակում, որ կոռուպցիայի դեմ պայքարող կառույցն այս տարի կոմիտեն ղեկավար կունենա։ Մրցութային հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ մինչև փետրվար հազիվ էլ կոմիտեն նոր ղեկավար ունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG