Մատչելիության հղումներ

Հերիք եղավ մեզ սպառնան. Սիմոնյանը՝ Գալուզինի հայտարարությունների մասին


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն աբսուրդ է որակում Մոսկվայից հնչած հերթական հայտարարությունը, որ եթե Հայաստանը անվտանգությանը վերաբերող զգայուն տեղեկատվությունը հասանելի դարձնի արևմտյան պետություններին, դա կարող է անդառնալի հարված հասցնել Ռուսաստանի հետ հարաբերություններին:

«Նախ խնդրում եմ դադարել մեզ սպառնալ, հերիք եղավ մեզ սպառնան, երկրորդը՝ հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսել, երբ որ ՀԱՊԿ-ի մասին խոսում են, ՀԱՊԿ-ի մասին խոսելիս թող գան, ասեն՝ ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում, ու ինչ պարտավորություններ ունեն թե՛ որպես ՀԱՊԿ գործընկեր, թե՛ որպես Հայաստան-Ռուսաստան պայմանագրի կողմ։ Հերիք են մեր ինքնիշխան տարածքի հետ կապված նման հայտարարությունները», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խորհրդարանի ղեկավարը։

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, մասնավորապես, զգուշացրել էր, թե «Հայաստանի չմտածված քայլերը, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»:

Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություն չի վարում, չի քննարկում որևէ ռազմաբազա տեղադրելու կամ ռազմավարական որևէ ալյանսի միանալու վերաբերյալ հարց, հավելեց Ալեն Սիմոնյանը. - «Ի՞նչ տեղեկություններ պետք է հասցնենք։ Աբսուրդ եմ որակում։ Հերիք է մեզ հետ կապված նման հռետորաբանությամբ խոսել, հերիք է մեզ սպառնալ ուղիղ և անուղղակի»։

  • Երևանը բացի ՀԱՊԿ-ից դժգոհությունը, վերջերս նաև լուրջ մեղադրանքներ հնչեցրեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի դեմ 2020-ի պատերազմի նախապատրաստմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկու երկիր: Չնայած սրան՝ ռազմական դաշինքին դե յուրե անդամակցությունը պահպանվում է:
  • Իշխանությունները անպատասխան են թողել ՀԱՊԿ-ից վերջերս հնչած մեկ այլ հայտարարություն, որով կառույցն ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարում։
  • Երևանը տևական ժամանակ է՝ այդ կառույցի որևէ նիստի չի մասնակցում, դադարեցվել է նաև Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ֆինանսավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG