Մատչելիության հղումներ

Հաղթանակ դրսում բռնարարի դեմ պայքարում. «Ամեն մի ծեծված կնոջ հետ մարմինս ցավում է»


«Հաղթանակի զգացողություն է»

9 տարվա ամուսնական դաժան կյանք, փախուստ բռնարար ամուսնուց, պայքար երեխաներին պահելու համար, հաղթանակի 9 տարվա սպասում. Եվրոպական դատարանը բավարարել է Հասմիկ Խաչատրյանի բողոքն ընդդեմ Հայաստանի կառավարության։

«Հաղթանակի զգացողություն է, լացել եմ, մի տեսակ հույսս կորցրել էի», - «Ազատությանն» ասաց Հասմիկ Խաչատրյանը։

Դատարանը վճռել է, որ կինը տարիներ շարունակ խոշտանգվել է նախկին ամուսնու կողմից, իսկ Հայաստանի կառավարությունն իր դատական համակարգով չի պաշտպանել կնոջ իրավունքները. - «Շատ ժամանակներ են եղել, երբ ես հիասթափվել եմ, որոշել եմ հետ կանգնել այդ ամեն ինչից։ Ամեն անգամ ոստիկանությունում, երբ առաջին անգամ դիմում եմ ներկայացրել, իրենց ծաղրանքը, ոչ պատշաճ վերաբերմունքը, միշտ մեղադրել կնոջը»։

Ծանր օրեր տեսած 38-ամյա կնոջ աչքերը փայլում են, հետո արագ խոնավանում, երբ խոսում է այս կարևոր հաղթանակի մասին։ Դատարանի վճիռը առիթ էր տարիներ անց վերապրելու գլխով անցածը. - «Իմ դեպքում ուղղակի փախուստ է եղել տնից, որ կյանքս փրկեմ, քանի որ մոտավոր մի ամիս առաջ սպանելու աստիճան էր ծեծել, անկողնում պառկած էի, քանի որ փայտով գլուխս ամբողջությամբ բացել էր։ Ես ապրելու ցանկություն չունեի», - ասաց նա։

ՄԻԵԴ առաջին վճիռը ընտանեկան բռնության վերաբերյալ

Ընտանեկան բռնության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն առաջինն է Հայաստանի համար։ Միջազգային դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Հասմիկին խախտված իրավունքների վճարել 24 հազար եվրո։

«Ոստիկանությունը, այլ մարմիններ, որ պիտի խոչընդոտեր դրան, ինձ պաշտպաներ, չէին անում ոչ մի բան», - նշեց նա։

Նախկին ամուսնու մայրը հայտնի բախտագուշակ էր։ Հիշում է, թե ինչպես էր փորձում ազդել բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որոնք էլ ծաղրում էին իրեն ու իր ցավը։ Իսկ բռնարար ամուսինն ազատության մեջ մնաց ընդամենը մեկուկես տարի, հետո համաներվեց։

Երեխաներն արդեն մեծ են՝ 17 և 18 տարեկան։ Ծեծուջարդից, արհամարհանքից, ստորացումներից փրկված կնոջը հաջողվել է պահել նրանց իր մոտ, ոտքի կանգնել. - «Բոլորիս են ասել՝ աղջիկ ես, ոչինչ, զուսպ մնա, աղջիկ ես, մի խոսի, հանդուրժի, հարթեցրու, դե տղամարդ է, ոչինչ, բարկանում է։ Իսկ ո՞վ է ասել, որ աղջկա զգացողությունները սխալ են, իսկ տղայինը՝ չէ։ Մեր հասարակությունը դրանով մեր աղջիկներին գցում է մի ծուղակի մեջ, որ իրենք էլ չեն հասկանում՝ այդ ժամանակ իրենց զգացողությունները արտահայտեն, որ այդ վիճակից դուրս գան»։

Հասմիկն այժմ աշխատում է կանանց աջակցման կենտրոնում, որտեղ ժամանակին փրկեցին իրեն, օգնեցին հաղթահարել մարմնի ու հոգու ցավը։ Տարիներ առաջ ինքն ուներ աջակցության կարիք, իսկ հիմա օգնում է բռնարարներից փախած կանանց։

«Դատարանում նորից ինձ մեղադրում են, ոստիկանությունում շատ անտարբեր են, ու երբ նախկին ամուսինս համաներմամբ դուրս եկավ, վախի զգացողությունը կար ինձ մոտ, քանի որ ինքն ասել էր՝ որտեղ քեզ տեսնեմ, սպանելու եմ», - ասում է Հասմիկ Խաչատրյանը՝ շարունակելով՝ ամեն մի ծեծված կնոջ հետ մարմինը ցավում է, - «Մարմնիս ցավը չի անցնում մոտս։ Զգացողություն կար մի ժամանակ, որ դատարկ էր...Հիմա մոռացել եմ այդ դատարկությունը»։

Կանանց հորդորում է հեռու փախչել բռնարարներից, հետ չգնալ, իր պես ոտքի կանգնել, պաշտպանվել ու դուրս գալ զոհի կարգավիճակից։ Այս ամենին հասնելու համար իրենից տարիներ են պահանջվել։

«Կուզեմ, որ բոլոր կանայք ունենան այդ զգացողությունը, որ իրենք, այո, հաղթեն», - նկատում է նա։

Հասմիկին հաջողվել է փակել ընտանեկան բռնության էջը։ Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների տվյալներով՝ Հայաստանում տարեկան գրեթե 2000 կին է ահազանգում ընտանեկան բռնության մասին։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG