Մատչելիության հղումներ

Կինը «աբսուրդ» է որակում իրեն ծեծի ենթարկած ամուսնու ազատ արձակումը դատարանի դահլիճից


Կինը «աբսուրդ» է որակում իրեն ծեծի ենթարկած ամուսնու ազատ արձակումը դատարանի դահլիճից
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00

Կինը «աբսուրդ» է որակում իրեն ծեծի ենթարկած ամուսնու ազատ արձակումը դատարանի դահլիճից

Գավառի ընդհանուր իրավասության դատարանը սեփական կնոջը՝ 28-ամյա Հասմիկ Խաչատրյանին բռնության ենթարկելու համար երեկ կայացած նիստում 1.5 տարվա ազատազրկման է դատապարտել Սարգիս Խաչատրյանին: Դատարանն, այնուհետև, Խաչատրյանի նկատմամբ համաներում է կիրառել և նրան հենց դահլիճից ազատ արձակել՝ հարուցելով իրավապաշտպանների մտահոգությունը։

Իննը տարի ամուսնու հետ ապրած Հասմիկը, «Ազատության» հետ զրույցում պատմելով իր նկատմամբ ամուսնու կողմից շարունակաբար գործադրված բռնությունների մասին, ինքն էլ է զարմանում, թե ինչպես է դիմացել նման անմարդկային վերաբերմունքին:

«Աթոռի փայտով գլուխս կոտրել էր՝ այս կողքերիս ոսկորներն էր կոտրել, նույնիսկ չէի կարողանում շնչել: Ոտքերս, դեմքս կապտած, աչքերս փակ էր: Արյունահոսություն՝ ամբողջ սենյակով մեկ», - պատմում է նա:

Սարգիս Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119­րդ հոդվածով՝ խոշտանգում: Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Նոնա Գալստյանը նշում է, որ դատարանը վճիռը կայացրել է անօրինական հիմքերով:

«Գործում, մեր խորին համոզմամբ, առկա էին այն բոլոր ապացույցները, որոնք բավարար էին, որպեսզի ամբաստանյալը, այսինքն Սարգիս Հակոբյանը, դատապարտվեր այն հոդվածով, որը նրան առաջադրված է եղել», - ասում է փաստաբանը:

Մեզ հետ զրույցում Հասմիկն ասում է, թե մինչ դատավճիռը արդարության հույս ուներ:

«Հույսս չէի կտրում, որովհետև բազմաթիվ ապացույցներ, բազմաթիվ դատաբժշկական փորձաքննություններ․․․ և միանգամից դատավորը, ասես բոլորի աչքերը փակեր, ճշմարտությունը սուտ համարեր: Դա աբսուրդ էր, շոկային վիճակ էր», - ասում է նա:

Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը տեղի ունեցած դատավարությունը խայտառակություն է համարում:

«Շատ հստակ պատգամ էր համակարգի կողմից, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում այս երկրում, դա ոճիր չէ, և դատավորի այդ վճիռը, որ մեղմացրեց, վերաորակավորեց որպես մեղմ հետևանք առողջությանը, բոլորովին խայտառակություն էր», - ասում է նա:

Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Նոնա Գալստյանը Հակոբյանի նկատմամբ համաներման ակտի կիրառումը անօրինական է համարում․ - «Համաներման ակտը հստակ սահմանում է, որ եթե առկա է քաղաքացիական հայց կամ պատճառված վնասի վերաբերյալ վեճ, ապա դատարանը իրավունք չունի մերժելու քաղաքացիական հայցը և կիրառելու համաներում»:

Սարգիս Հակոբյանի պաշտպան Տիգրան Աբրահամյանը, մինչդեռ, հակառակն է պնդում․ - «Եթե իրենք մտածում էին, որ դա քաղաքացիական դատարանի հայց է, զարմանալի է, որ իրենք այդ հայցը ներկայացրել էին քրեական դատարան»:

Տիգրան Աբրահմայանը նաև նշում է, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը, որովհետև գտնում են, որ պետք է կայացվեր արդարացման դատավճիռ:

«Որովհետև այն արարքը, որի մեջ մեղադրվել է իմ պաշտպանյալը, ապացուցված չի եղել: Միայն տուժողի ցուցմունքը բավարար չէ անձի արարքը ապացուցված համարելու համար», - ասում է փաստաբանը:

Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանի, Հայաստանում ընտանեկան բռնությունների հետ կապված խնդիրներն այսչափ մտահոգիչ չէին դառնա, եթե Հայաստանն ունենար «Ընտանեկան բռնության մասին օրենք»: Նրա խոսքով, Հայաստանում չկան ընտանեկան բռնության մասնագետներ, իրավապահ մարմինները նման փաստերին համարժեք գնահատական չեն տալիս, մինչդեռ ընտանեկան բռնությունը այլ հանցատեսակներից տարբերվում է մի շարք առանձնահատկություններով: Անդրադառնալով կոնկրետ այս դատական գործին՝ Կաժոյանն ասում է․ - «Դատարանը և ոստիկանները ի վերջո չհասկացան և չընդունեցին, որ ընտանեկան բռնությունը տեղի է ունենում փակ միջավայրում և հնարավոր չէ, որ վկաներ լինեն»:

Բռնության զոհ Հասմիկ Խաչատրյանը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը:

«Չեմ նահանջելու, չեմ հուսախաբվելու: Ավելի բարձր ատյաններին կդիմեմ, որովհետև ուզում եմ արժանապատիվ ապրել, ուզում եմ արդարությունս վերականգնվի», - ասում է նա:

Ոստիկանության տվյալներով 2013թ. ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում մահացել է 3 կին, ինչի հետևանքով առանց մայրական խնամքի է մնացել 6 մանկահասակ երեխա: 2014 թ․-ի առաջին 8 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է ընտանեկան բռնության 1504 դեպք:

XS
SM
MD
LG