Մատչելիության հղումներ

Գյումրիում նախկին կոալիցիոն ուժերը հավանություն տվեցին ՔՊ-ի նախաձեռնությանը օտարումների վերաբերյալ


Գյումրիի ավագանու նիստ, արխիվ
Գյումրիի ավագանու նիստ, արխիվ

Կկայանա՞ր երկու նախկին քաղաքապետերի ժամանակ արված օտարումների հարցով Գյումրիի ավագանու արտահերթ նիստը, թե ոչ. մեկ շաբաթ տևած ինտրիգն այսօր ավարտվեց։ Նիստը գումարվեց, և իշխող «Բալասանյան» դաշինքն անսպասելիորեն միացավ ընդդիմադիր ՔՊ-ին։

Այսպիսով երկու նախկին կոալիցիոն ուժերը 19 ձայնով հավանություն տվեցին ՔՊ-ի նախաձեռնությանը։ Սա նշանակում է, որ Գյումրիի ավագանին 2003-ից մինչև 2018-ը՝ նախկին քաղաքապետերի՝ Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին օտարված 24 անուն գույքը համայնքին վերադարձնելու պահանջով վարչական դատարան կդիմի։

Այսօրվա արտահերթին չէին մասնակցում «Զարթոնք» դաշինքը և ՀՀԿ խմբակցությունը։ ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը նիստի սկզբում պնդեց, թե այսօր մեծ ջրբաժանի օր է։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դահլիճը գրեթե կիսադատարկ է, ինձ հետաքրքիր է, թե որտեղ են մեր մյուս ավագանու անդամները, մյուս խմբակցության ներկայացուցիչները, արդյոք իրենց չի հուզում և չի անհանգստացնում այն ամենը, ինչ տեղի է ունենում, և արդյոք իրենք չունեն քաղաքական կամք՝ արձագանքելու այս հարցին և ներկա գտնվելու նիստին թեկուզ կարծիք հնչեցնելու համար», - լրագրողներին ասաց նա։

Արտահերթ նիստի գլխավոր անակնկալը «Բալասանյան» դաշինքի հայտարարությունն էր։ Գյումրիի փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը, որը նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի զարմուհին է, հայտարարեց, որ դաշինքը կողմ է քվեարկելու ՔՊ-ի նախաձեռնությանը։

«Կարծում եմ՝ մենք չենք այն ինստիտուտը, որը պետք է մեղավորների անուններ հնչեցնի։ Նախ կոչ կանեմ գործընկերներին գործընթացը չքաղաքականացնել և ավելորդ եմ համարում անձնավորված մեղադրանքների հրապարակումը։ Մեր թիմը հանձնառու է պաշտպանել Գյումրու և գյումրեցու շահը, և մենք կաշկանդված չենք որևէ հանգամանքով։ «Բալասանյան» դաշինք խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին։ Մեզ համար էլ է առաջնային իրականության պարզաբանումը», - հայտարարեց նա։

Իսկ գործերից մեկը հենց Բալասանյանների հետ է կապված։ Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ Սև բերդ ամրոցի հարակից հողատարածքները մասնատվել, օտարվել են մի անձի, որից հետո սեփականության իրավունքով դրանք ձեռք է բերել քաղաքապետի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Իսկ հողատարածքը օտարման ենթակա չի եղել։

«Քաղաքացիական պայմանագրի» համար արդյոք անանկալ էր «Բալասանյան» դաշինքի կողմ քվեարկությունը, Քնարիկ Հարությունյանն ասաց. - «Ես կարծում եմ, որ առողջ մոտեցում էր կողմ քվեարկելը, նույնը ակնկալում էի նաև մյուս խմբակցություններից և ավագանու անդամներից։ Մենք պիտի քաղաքական գնահատական տանք տեղի ունեցածին, իսկ այդ քաղաքական գնահատականը պիտի լիներ այսօր, այստեղ և կողմ քվեարկությամբ»։

Գույքը համայնքին վերադարձնելու նպատակով դատարան դիմելու առաջարկություն Գյումրիի ավագանուն արել էր գլխավոր դատախազությունը՝ չբացատրելով, թե ինչու հենց ինքը չի անում այդ քայլը։ Իրավապահների գրությունը վերաբերում է Սև բերդի հողատարածքներին, «Հոկտեմբեր» կինոթատրոնին, Գյումրիի կենտրոնական զբոսայգում գործող «Օազիս» սրճարանին, դատարանի նախկին շենքին ու մի շարք հողատարածքների։

Ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցությունը նիստին մասնակցեց, քվեարկությանը՝ ոչ։ Խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը դարձյալ պնդեց, որ դատարան պետք է դիմի ոչ թե ավագանին, այլ հենց դատախազությունը։

Ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը ևս կարծում է, որ ավագանին այստեղ անելիք չունի։

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, որը ևս նախկին քաղաքապետ Բալասանյանի ազգականն է, տեղեկացրեց, որ Գյումրիի բյուջեից գումար կհատկացվի դատական ծախսերը հոգալու համար։

Դատարան դիմելու համար արտահերթ նիստ անցկացնելու ՔՊ-ի նախաձեռնությունը Գյումրիի քաղաքական կուլիսներում ճնշում էր որակվում իշխող «Բալասանյան» դաշինքի նկատմամբ՝ այստեղ ևս Հայաստանի մի շարք համայնքների օրինակով իշխանություն վերցնելու հեռահար նպատակով։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կտրականապես հերքում է այս պնդումները, իսկ «Բալասանյան» դաշինքը ընդհանրապես չի մեկնաբանում դրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG