Մատչելիության հղումներ

Գոլերի մեծամասնությունը անհատական սխալների հետևանքով էր. գլխավոր մարզիչ


Վրաստան-Հայաստան հանդիպում, Թբիլիսի, 23-ը մարտի, 2025թ.
Վրաստան-Հայաստան հանդիպում, Թբիլիսի, 23-ը մարտի, 2025թ.

Գոլերի մեծամասնությունը անհատական սխալների հետևանքով էր, Վրաստան-Հայաստան այսօրվա ֆուտբոլային հանդիպումից հետո ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը:

«Պետք է ընդունել, որ Վրաստանը շատ որակյալ ֆուտբոլիստներ ունի, նրանք խաղում են բարձր մակարդակի թիմերում։ Ինձ համար՝ որպես նոր մարզչի, դժվար էր մի քանի օրերի ընթացքում վերացնել այդ սխալները և արդյունքի հասնել», - լրագրողներին ասաց մարզիչը:

Վրաստանը սեփական հարկի տակ խոշոր՝ 6:1 հաշվով պարտության մատնեց Հայաստանի հավաքականին: Սա ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումն էր: Առաջին հանդիպումը Երևանում կրկին հյուրերի հաղթանակով էր ավարտվել՝ 3։0։

Խոսելով այսօր կրած պարտությունից՝ Ջոն վան’տ Սխիպն ասաց. «Ուզում եմ ներողություն խնդրել հայ երկրպագուներից»։

Հարցին, թե ազգային հավաքականի հանդերձարանում առո՞ղջ մթնոլորտ է, նա պատասխանեց. «Ինչ ես տեսել եմ մարզումների ընթացքում, լավ մթնոլորտ է եղել, բայց մարզումներն այլ են, խաղերն՝ այլ։ Ես որևէ վատ մթնոլորտ չեմ տեսել»։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ում հրաժարականի պահանջը խաղի ընթացքում սկսեցին վանկարկել երկրպագուները, լրագրողների հետ զրույցում ներողություն է խնդրել:

«Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար։ Մենք պատրաստ ենք մեր խնդիրները ներսում լուծել և հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում։ Եվ փորձել ամեն ինչ անել, որ կազմ ու պատրաստ, որպես բավական մարտունակ թիմ ներկայանալ սեպտեմբերին Աշխարհի առաջնության ընտրական փուլին։ Սա համատեղ հայտարարություն է մարզչական շտաբի, ֆուտբոլիստների և ֆեդերացիայի կողմից»,- ասաց ՀՖՖ նախագահը։


XS
SM
MD
LG