Ուկրաինան գիշերը դարձյալ Ռուսաստանի զանգվածային հարվածների տակ էր։ Կան զոհեր ու վիրավորներ, մասնավորապես, Խարկովի մարզում։
Ըստ Կիևի իշխանությունների՝ այս գիշերվա հարձակումն ամենազանգվածայինն էր վերջին մեկ տարվա ընթացքում։ Միայն Ուկրաինայի մայրաքաղաքում ավելի քան 40 անօդաչուներ են ոչնչացվել։ Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է դաշնության տարբեր շրջանների և Ղրիմի վրա խոցված 19 ուկրաինական անօդաչուների ու մեկ հրթիռի մասին։
Ռմբակոծության տակ էին Ռոստովի, Կուրսկի, Բելգորոդի մարզերը, որտեղ հրդեհ էր բռնկվել բնակելի շենքում։
Ճակատում էլ իրավիճակն էապես չի փոխվել, ռուսներն ակտիվ գրոհներով դանդաղ առաջ են գնում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության զեկույցի համաձայն՝ ռուսական զորքերը մոտենում են Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքին և, ամենայն հավանականությամբ, կշարունակեն իրենց մարտավարական առաջխաղացումն առաջիկա շաբաթներին։ Բրիտանացի ռազմական հետախույզները միաժամանակ նշում են, որ ռուսների ընդհանուր օպերատիվ կարողությունները մնում են սահմանափակ, և դժվար թե առաջիկայում լուրջ բեկում արձանագրվի։
Ավելի վաղ Կիևն ասել էր, թե այս իրավիճակը ճակատում կարող է պահպանվել 1-1.5 ամիս, ինչից հետո հակահարձակման նոր փորձ կձեռնարկեն։
Այսօր Ուկրաինայի իշխանությունները շարունակում են ստանալ ռազմական օգնություն արևմտյան դաշնակիցներից և փորձում են նաև կարգավորել ճակատում մարդուժի պակասի խնդիրը։ Մոբիլիզացիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո Ուկրաինայի իշխանություններին հաջողվում է ամսական մոտ 30 հազար մարդ զորակոչել բանակ՝ 2-ից 3 անգամ ավելի, գրում է ամերիկյան The New York Times-ը։ Սա կօգնի կայունացնել առաջնագիծը, որը վերջին շաբաթներին կամաց-կամաց տեղաշարժվում է հօգուտ ռուսների։ Փորձագետների կարծիքով՝ ամեն ամիս մոտավորապես նույնքան մարդ էլ Ռուսաստանն է ուղարկում ռազմաճակատ։
Ընդ որում՝ ՌԴ իշխանություններն այս 2.5 տարվա ընթացքում միայն մեկ անգամ են մոբիլիզացիա հայտարարել, փոխարենը Մոսկվան հսկայական գումարներ է ծախսում կամավորներին ճակատ ուղարկելու համար։ Նախագահ Պուտինն այսօր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած կամավոր զինվորականները կստանան երկու անգամ ավելի գումար, քան մինչ օրս, այսինքն՝ մոտ 400 հազար ռուբլի կամ 5 հազար դոլար։
Այսկերպ իշխանություններն իրենց աջակցությունն են ցույց տալիս այսպես կոչված՝ «հատուկ ռազմական օպերացիայի» (այսպես է պաշտոնական Մոսկվան անվանում ներխուժումն Ուկրաինա) մասնակցիներին, ասել է այսօր Պուտինի մամուլի քարտուղարը։
«Դա պայմանավորված է «հատուկ ռազմական օպերացիայի» մասնակիցներին և նրանց ընտանիքներին աջակցելու շարունակական քաղաքականությամբ», - նշել է Դմիտրի Պեսկովը։
Բացի դաշնային վճարումներից, կան նաև ռեգիոնալ վճարումներ, որոնց չափերը տարբեր են։ Սանկտ Պետերբուրգում, օրինակ, վճարում են 1,8 միլիոն ռուբլի, Կրասնոդարի երկրամասում՝ մեկ միլիոն ռուբլի, Դաղստանում՝ 500 հազար։ Ամենամեծ վճարումը սահմանվել է Մոսկվայում. անցած շաբաթ քաղաքապետ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել 1,9 միլիոն ռուբլու հավելավճար սահմանելու մասին։
Re:Russia նախագծի գնահատականների համաձայն՝ 2023-ի հուլիսից մինչև 2024-ի հունիսը Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցող ռուս զինվորականներին, ինչպես նաև վիրավորներին և զոհերի հարազատներին վճարումները կարող են կազմել մինչև 3 տրիլիոն ռուբլի։ Այս գումարը կազմում է ընթացիկ տարվա դաշնային բյուջեի բոլոր ծախսերի մոտ ութ տոկոսը։
Ինչքան երկար է դեռ Մոսկվան պատրաստվում պատերազմել Ուկրաինայի հետ, պարզ չէ։ Կրեմլի խոսնակն այսօր կրկին հայտարարել է, թե Մոսկվան բաց է բանակցությունների համար, սակայն կոնկրետ առաջարկներ Կիևից դեռ չի ստացել։
«Մենք տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսում, բայց մանրամասն բացատրություններ չենք լսել։ Ուստի այս թեման բարձրաձայնվում է, բայց առանց որևէ հստակեցման», - նշել է նա։
Երեկ Strana.ua հրատարակությունը հրապարակել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդատու Միխայիլ Պոդոլյակի հետ հարցազրույցը, որում նա ասում է, թե բանակցություններն անհրաժեշտ են, բայց Կիևի համար կարևոր է, որ դրանք հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա և հաշվի առնեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանություննը։
Մինչդեռ Ռուսաստանը դեռ երկու տարի առաջ՝ Ուկրաինայի չորս՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապարոժիեի մարզերը պաշտոնապես մտցրել է Ռուսաստանի կազմի մեջ։ Ավելին՝ ապրիլին նախագահ Պուտինը հայտարարել է, թե բանակցությունների նախախայմաններից մեկը ուկրաինական զորքերի դուրսբերումն է այդ մարզերի այն շրջաններից, որնք ուկրաինական վերահսկողության տակ են։