Կիրակի օրը Գազայի երկու դպրոցներին իսրայելական օդուժի հարվածից առնվազն 30 մարդ է զոհվել, հայտնել են պաղեստինցի պաշտոնյաները, մինչդեռ իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հարվածել են Գազայի դպրոցներում տեղակայված ծայրահեղական «Համաս»-ի ռազմական կենտրոնին, հաղորդում է Reuters-ը:
Երեկ ավելի վաղ էլ հաղորդվել էր Գազայի կենտրոնի հիվանդանոցներից մեկում գտնվող վրանային ճամբարին հարվածի մասին։
Գազայից հայտնել են, որ կիրակի օրն իսրայելական հարվածներից ընդհանուր առմամբ առնվազն 44 պաղեստինցի է սպանվել՝ Կահիրեում բանակցությունների հերթական փուլի անարդյունք ավարտից հետո։
Գազայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ երկու դպրոցներում, որտեղ տեղահանված պաղեստինցի ընտանիքներ են եղել, նաև տասնյակ մարդիկ են վիրավորվել։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել դպրոցներում տեղակայված ԱՄՆ-ի և ԵՄ ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի հրամանատարությանը, միևնույն ժամանակ քայլեր է ձեռնարկել՝ այնտեղ գտնվող խաղաղ բնակիչների համար վտանգը նվազեցնելու ուղղությամբ։
Իսրայելը հայտարարում է, որ «Համաս»-ը պարբերաբար տեղակայվում է քաղաքացիական հաստատություններում՝ Գազայի բնակչությանը «կենդանի վահան» օգտագործելով: «Համաս»-ը հերքում է մեղադրանքները։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: