Մատչելիության հղումներ

Եվրամիության խորհրդի նիստում այսօր կքննարկվի «Ազատությանն» աջակցելու հնարավորությունը


Եվրամիության ընդհանուր հարցերով խորհրդի նիստում այսօր կքննարկվի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին աջակցելու հնարավորությունը, հայտնում է Չեխիայի եվրոպական հարցերով նախարար Մարտին Դվորժակը։

Չեխիայի արտգործնախարարը նախօրեին Եվրամիության արտգործնախարարների հավաքի ժամանակ էր բարձրացրել լրատվամիջոցին աջակցելու հարցը և նախաձեռնել հայտարարության նախագիծ, որում նշվում էր Եվրամիության կողմից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին աջակցելու հնարավորության մասին։

Մարտին Դվորժակը տեղեկացրել է, որ երկուշաբթի երեկոյի դրությամբ Եվրամիության ևս 7 երկրներ են աջակցել այս նախաձեռնությանը՝ Ավստրիան, Գերմանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Բելգիան։

Շաբաթ առավոտյան հայտնի դարձավ, որ նախօրեին նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել 7 դաշնային գործակալությունները կրճատելու մասին, 7-ի թվում նաև գլոբալ լրատվամիջոցների գործակալությունն է, որը վերահսկում է «Ազատություն» ռադիոկայան և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։


Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին վերահսկող գործակալության նամակն, ըստ որի Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակի ներքո Քերի Լեյքի ստորագրությունն է․ նա ներկայանում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական, նա նաև «Ամերիկայի ձայնի» ղեկավարի պաշտոնում Թրամփի թեկնածուն է։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը X-ի իր հարթակում հայտարարեց՝ առանց մեզ, փակ հասարակություններում շաբաթական մոտ 50 միլիոն մարդ, կզրկվի աշխարհի մասին ճշմարտության հասանելիությունից»:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիկոյանը նախորդող ու այս ժամերին անընդհատ աջակցող հայտարարություններ է ստանում:

XS
SM
MD
LG