«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ապագայի հարցը Եվրամիության արտգործնախարարաների հավաքի օրակարգում է։
Բրյուսել մեկնելուց առաջ Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին է տեղեկացրել այս մասին՝ քաղաքական հարցադրմամբ․ - «Արդյոք մենք հասկանո՞ւմ ենք այս կազմակերպության արժեքը և հեռարձակումը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը և շատ այլ երկրներ։ Եվ եթե մենք դա գնահատում ենք՝ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի պահպանենք ի շահ մեզ։ Սա շատ ծավալուն հարց է, չգիտենք, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ զարգացումներ կլինեն»։
Չեխիայի արտգործնախարարը շեշտել է՝ Եվրամիության երկրները պետք է քաղաքական պատրաստակամություն ունենան։ «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանը 25 տարի Պրահայում է, հպարտ ենք դրանով, հավելել է Լիպավսկին։
Չեխիայի ներկայացուցիչները Եվրամիության գործընկերների համար հայտարարության նախագիծ են պատրաստել, որում անհանգստություն են հայտնում «Ազատ Եվրոպա /Ազատություն» ռադիոկայանի շուրջ ստեղծված իրավիճակի համար։
«Այսօր «Ազատ եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը շարունակում է տրամադրել վստահելի, անկախ լուրեր տասնյակ միլիոնավոր շրջաններում որտեղ ազատ մամուլը սահմանափակված է կամ բացակայում է: Այդպիսով օգնում է առաջ մղել ժողովրդավարական արժեքները և ամրապնդել մեր հավաքական արձագանքը ապատեղեկատվությանն ու ավտորիտար քարոզչությանը: Այս կենսական աշխատանքը հիմնված է իր պատմական դերի վրա՝ ժողովրդավարության ուժի, մարդու իրավունքների և խոսքի ազատության․ արժեքներ, որոնք Եվրոպական միության հիմնաքարն են», - ասված է հայտարարությունում:
Հայտարարության նախագծում համատեղ ջանքներով լրատվամիջոցի գործունեության համար ֆինանսավորում գտնելու կոչ է, այն շեշտադրմամբ, որ եվրոպական ֆինանսավորումը կապահովի «այս առանցքային մեդիաինստիտուտի կայունությունն ու հնարավորություն կտա, որ շարունակեն կարևոր առաքելությունը՝ քննադատական ու անկախ ռեպորտաժները»։
«Կոչ ենք անում եվրոպական համապատասխան կառույցներին ու անդամ երկրներին միավորել ջանքերն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և այլ անկախ լրատվամիջոցների համար կայուն ֆինանսական աջակցություն ստեղծելու համար, այդ կերպ պաշտպանելով ԶԼՄ-ների ազատությունն ու ժողովրդավարությունը Եվրոպայում ու նրա սահմաններից դուրս», - ասված է հայտարարությունում:
«ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից ճնշում կա քննարկել և գտնել լուծում»
ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից ճնշում կա քննարկել այս հարցն ու գտնել լուծում։ «Մենք կզբաղվենք դրանով», - հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Կայա Կալլասը և ընդգծել, «Ազատություն»-ն էր այն լրատվամիջոցը, որից տեղեկանում էին՝ ինչ կատարվում երկաթե վարագույրից այն կողմ։
«Այն եղել է ժողովրդավարության փարոս: Ցավալի է լսել, որ ԱՄՆ-ը հետ է կանգնում ֆինանսավորումից։ Հիմա մեզ համար հարցն այն է, թե կարո՞ղ ենք մենք մեր ֆինանսավորմամբ օգնել՝ լրացնելու այն բացը, որը թողնում է ԱՄՆ-ը: Ավտոմատ կերպով դա չի կարող արվել, քանի որ ունենք բազմաթիվ կազմակերպություններ, որոնք դիմում են մեզ նույն խնդրանքով, բայց իսկապես ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից ճնշում կա քննարկել դա և գտնել լուծում։ Մենք կզբաղվենք դրանով, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել», - նշել է Կալլասը:
Շաբաթ առավոտյան հայտնի դարձավ, որ նախօրեին նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել 7 դաշնային գործակալությունները կրճատելու մասին, 7-ի թվում նաև գլոբալ լրատվամիջոցների գործակալությունն է, որը վերահսկում է «Ազատություն» ռադիոկայան և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։
Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին վերահսկող գործակալության նամակն, ըստ որի Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակի ներքո Քերի Լեյքի ստորագրությունն է․ նա ներկայանում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական, նա նաև «Ամերիկայի ձայնի» ղեկավարի պաշտոնում Թրամփի թեկնածուն է։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը X-ի իր հարթակում հայտարարեց՝ առանց մեզ, փակ հասարակություններում շաբաթական մոտ 50 միլիոն մարդ, կզրկվի աշխարհի մասին ճշմարտության հասանելիությունից»:
«Իրանի այաթոլաները, Չինաստանի կոմունիստ առաջնորդները, բռնապետները Մոսկվայում և Մինսկում կտոնեին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի վախճանը 75 տարի անց: Մեր հակառակորդներին հաղթանակ շնորհելը նրանց կուժեղացներ, իսկ Ամերիկան կթուլացներ», - նշել է Կապուսը:
Ռադիոկայանի ղեկավարը շեշտել է՝ լրատվամիջոցն ամբողջ պատմության ընթացքում ուժեղ երկու կուսակցական աջակցություն է վայելել: Դրամաշնորհի չեղարկումն, ըստ Կապուսի, իսկական նվեր է Միացյալ Նահանգների թշնամիների համար:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիկոյանը աջակցող հայտարարություններ է ստանում
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիկոյանը նախորդող ու այս ժամերին անընդհատ աջակցող հայտարարություններ է ստանում:
Բրյուսելում գործող Օտարերկրյա թղթակիցների ասոցիացիան համերաշխություն հայտնելով ռադիոկայանի անձնակազմին՝ ընդգծել է․ձեր աշխատանքը մեծ ազդեցություն է ունեցել, և ձեր ձայնը չպետք է լռի:
«Ապատեղեկատվության և ավտորիտար պատմությունների դեմ պայքարը «Ազատություն» ռադիոկայանի հիմնական առաքելությունն է ավելի քան 75 տարի: Նրանց չգրաքննված լուրերը հասել են միլիոնավոր մարդկանց, որոնք զրկված են դրանցից փակ հասարակություններում»:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություն. -«Այս քայլերով ԱՄՆ-ը նահանջում է ազատ տեղեկատվությունը պաշտպանելու իր պատմական դերակատարումից։ Կոչ ենք անում Կոնգրեսին ու միջազգային համայնքին միջոցներ ձեռնարկել այս աննախադեպ որոշման դեմ»։
Լրագրողների պաշտպանության կոմիտե. - «Անկախ լրատվամիջոցների դեմ այս քայլը լուրջ վտանգի տակ է դնում լրագրողների կյանքը, որոնք հաճախ հսկայական մարտահրավերների են դիմակայել՝ լուր հաղորդելու գրաքննության ենթարկված երկրներում ապրող միլիոնավոր մարդկանց»:
Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջին Շահին. - «Թրամփի վարչակազմի վերջին ջանքերը՝ քանդելու Կոնգրեսի կողմից ստեղծված և ֆինանսավորվող կազմակերպությունները, որոնք ճշգրիտ, անկողմնակալ տեղեկատվություն են տրամադրում հարյուր միլիոնավոր մարդկանց այն երկրներում, որտեղ մամուլի ազատությունը հարվածի տակ է, խաթարում է ԱՄՆ-ի հավատարմությունը ժողովրդավարությանը»:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տնօրենների խորհրդի նախագահ Լիզա Քըրթիսը հայտարարել է՝ ֆինանսավորման դադարեցման որոշումը անօրինական է, անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում: