Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը Բուդապեշտի նախագահության օրոք «բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով կմասնակցի միայն ոչ պաշտոնական հանդիպումներին»


Կրեմլի արձագանքը Զելենսկիին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Կրեմլը դեռ չի հասկանում, թե ինչ նկատի ունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ երկրորդ խաղաղության գագաթնաժողով ասելով, որտեղ, ինչպես ինքն էր երեկ ասել, կցանկանար հրավիրել նաև Ռուսաստանին։

«Առաջին խաղաղության գագաթնաժողովն ամենևին էլ խաղաղության գագաթնաժողով չէր, ուստի հավանաբար նախ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունի», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Անցած ամիս Շվեյցարիայում տեղի ունեցած միջազգային համաժողովին Ռուսաստանը հրավիրված չէր։ Մինչդեռ երեկ նախագահ Զելենսկին հայտարարել է, թե ծրագրում են նոյեմբերին երկրորդն անցկացնել, նաև Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Թե կոնկրետ երբ և օրակարգային ինչ հարցերով, դեռ հստակ չէ։

Ֆոն դեր Լայենը չեղյալ է հայտարարել հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հունգարիա. Euronews

Մինչ Մոսկվան ու Կիևն ամիսներ շարունակ խոսում են հնարավոր բանակցության և դրանք անցկացնելու պայմանների մասին, Բրյուսելը հրապարակավ նսեմացնում է Կրեմլի հետ սերտ կապերով հայտնի Հունգարիայի նախագահի խաղաղարար ջանքերը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Եվրամիությունը դրանց հետ կապ չունի։ Ըստ Euronews-ի՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չեղյալ է հայտարարել հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հունգարիա, որը պետք է նշանավորեր Բուդապեշտի 6-ամսյա նախագահության մեկնարկը Եվրոպական խորհրդում։

Հանձնաժողովի այցը նախագահող երկիր չի կայանա, X- ում գրել է կառույցի խոսնակ Էրիկ Մամերը՝ հավելելով՝ Եվրահանձնաժողովը Բուդապեշտի նախագահության օրոք բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով կմասնակցի միայն ոչ պաշտոնական հանդիպումներին, որտեղ փաստացի որոշումներ չեն կարող ընդունվել։

Շաբաթներ առաջ Վիկտոր Օրբանը, դեմ գնալով Բրյուսելի դիրքորոշմանը, մեկնել էր Մոսկվա, ինչից հետո Ռուսաստանը հրթիռակոծել էր ուկրաինական խաղաղ բնակավայրերը՝ թիրախավորելով նաև Կիևի մանկական հիվանդանոցը։ Հակամարտող կողմերի, ինչպես նաև Չինաստանի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հանդիպումներից հետո Օրբանը վերջերս նոր նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, զգուշացնելով՝ ռազմական հակամարտությունը մոտ ապագայում կարող է արմատապես սրվել։

«Ազատության» տրամադրության տակ է Օրբանի այդ նամակը, որտեղ նա եվրոպացի գործընկերներին գրել է. «Ես անձամբ ականատես եղա, որ պատերազմող կողմերը վճռական են ավելի խորը ներքաշվելու հակամարտության մեջ, և նրանցից ոչ մեկը չի ցանկանա նախաձեռնել հրադադար կամ խաղաղության բանակցություններ։

Ուստի, կարելի է ենթադրել, որ լարվածությունը չի նվազի, և կողմերն առանց արտաքին էական ներգրավվածության չեն սկսի հակամարտությունից ելքի որոնումները»։

Օրբանը Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին առաջարկել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ և Չինաստանի հետ երկխոսություն սկսել։ Բրյուսելից արձագանքել են՝ այդ բանակցություններում նա միայն սեփական երկիրն է ներկայացնում։

Իրավիճակը մարտի դաշտում

Մարտի դաշտում իրավիճակը սրվում է, ռուսները շատ փոքր տեմպերով, բայց առաջ են գնում, մինչ Ուկրաինան փորձում է լրացնել զենքի ու մարդուժի պակասը։ Ռուսաստանի սահմանակից մարզերը հաղորդում են գիշերը ոչնչացված ուկրաինական դրոնների մասին։ Բելգորոդում, մարզպետի խոսքով, արդեն իսկ հազարավոր մարդիկ են տարհանվել։

Չնայած սրան, Ռուսաստանի իշխանությունները շարունակում են պնդել, թե «հատուկ ռազմական օպերացիան», ինչպես նրանք անվանում են լայնածավալ ագրեսիան, և դրա պատճառով ՌԴ-ի դեմ սահմանված աննախադեպ կոշտ պատժամիջոցները, երկրի ոչ տնտեսության, ոչ էլ բնականոն կյանքի վրա չեն ազդել։

Վիճակագրությունը, սակայն, այլ պատկեր է ցույց տալիս. մոտ 666 հազար մարդ լքել է Ռուսաստանը և դեռ չի վերադարձել երկիր Ուկրաինայում լայնածավալ պատերազմի, մոբիլիզացիայի և այլախոհության ճնշման պատճառով, ասվում է անկախ լրատվամիջոցներից մեկի՝ The Bell-ի ուսումնասիրության մեջ։

XS
SM
MD
LG