Մատչելիության հղումներ

«Ես խիզախ չեմ այնքան, որպեսզի լքեմ Իրանը». Փանահի


14 տարվա անազատությունից, երկիրը չլքելու արգելքից հետո Երևան ժամանած աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին «Ոսկե ծիրան»-ի ժամանակ երկրպագուների հետ մտերմիկ հանդիպման ընթացքում խոստովանեց՝ չնայած տասնյակ տարիների ճնշմանն ու հետապնդմանը՝ հայրենիքից դուրս կյանքը չի պատկերացնում, թեև հասկանում է բոլոր նրանց, ովքեր չեն դիմանում ու լքում են երկիրը։

«Ես այդքան քաջ չեմ, որ մտածեմ, թե կարող եմ գոյատևել իմ երկրից դուրս։ Ես միայն իմ երկրում կարող եմ ապրել։ Ավելի քան 50 երկրում, հինգ մայրցամաքում եմ եղել, բայց փառատոններից հետո մի օր ավելի չեմ մնացել։ Ես կարոտում եմ Իրանը ու միշտ վերադառնում։ Չեմ ասում, թե իմ երկիրն ամենալավն է, բայց ես ծնվել, ապրում եմ Իրանում։ Ես գիտեմ իմ երկիրը, ես նույնիսկ գիտեմ՝ ինչ են բամբասում։ Բայց յուրաքանչյուր այլ տեղ, որտեղ նույնիսկ թագավորի պես կապրեմ, օտար կլինեմ։ Ներեք իմ խիզախության պակասը և թույլ տվեք ապրեմ Իրանում», - ասաց աշխարհահռչակ ռեժիսորը:

2010 թվականին Ջաֆար Փանահին ձերբակալվել, ապա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման հակակառավարական գործունեության և 2009 թվականի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ անցկացված բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրը փաստացի 14 տարի անց առաջին անգամ Հայաստան եկավ։

Լոկառնոյի «Ոսկե հովազ»-ին, Վենետիկի «Ոսկե առյուծ»-ին, Բեռլինի «Ոսկե արջ»-ին և այլ հեղինակավոր մրցանակների արժանացած իրանցի ռեժիսորի ֆիլմերը, որոնք վերհանում են երկրի խնդրահարույց ու ցավոտ հարցերը, Իրանում արգելված են։

Ֆիլմերի մասին ռեժիսորը չի խոսում, ասաց Փանահին, ֆիլմը հենց ռեժսորի փոխարեն է խոսում. - «Ես չեմ ամաչում իմ նկարած ֆիլմերի համար։ Եվ ես պատրաստ եմ բոլոր դժվարություններով ու խնդիրներով անցնել»:

Երեկվա զրույցը հայտնի կինոքննադատ, Փանահիի մասին գիրք հեղինած Անտոն Դոլինն էր վարում, որը զուգահեռներ անցկացրեց Իրանում և Ռուսաստանում ապրող ու գործող արվեստագետների միջև, որոնք փաստացի դաժան գրաքննության են ենթարկվում։ Առավել ևս կինոռեժսորները, որոնց համար է՛լ ավելի է բարդացել կինո ստեղծելու համար փող հայթայթելը։

Փանահին ասաց, որ սա գոյատևման պայքարի տրամաբանությունն է։ Պատկերավոր ասած՝ պայթյունի, աղետի ժամանակ փրկվելու ճանապարհները հենց դրա մեջ հայտնված մարդն է փնտրում, այլ ոչ թե կողքից հետևողը. - «Բռնապետական երկրներում արվեստագետն ուզած-չուզած գտնում է ուղիները։ Կինոյի համար, իրոք, ավելի դժվար է։ Ես վտանգում եմ իմ գումարն ու կյանքը՝ իմ ֆիլմերը ստեղծելու համար»։

Շատ փոքր թվով մարդիկ են աշխատում իր հետ՝ շատ քիչ վարձատրությամբ, երբեմն էլ՝ անվճար։ Ու այս ամենը իրանցի ռեժիսորն արել ու անում է՝ չնայած կինո նկարելու 20 տարվա արգելքին։ Այս ընթացքում ոչ միայն մի քանի ֆիլմ է գաղտնի նկարահանել, այլև տարբեր ճանապարհներով հասցրել է միջազգային կինոփառատոնների ու մրցանակներ շահել։

Երևան այցի հենց առաջին օրն էլ հայտարարեց՝ «եթե եկել եմ, ուրեմն նոր բան եմ նկարել»։ Հարցինք՝ կբացի՞ փակագծեր նոր աշխատանքից, քաղաքական, սոցիալական խնդիրներից ո՞րն է այս անգամ իրանցի ռեժիսորին անհանգստացրել։ «Փակագծեր չեմ բացի։ Եթե ֆիլմը դեռ ավարտված չէ և դրանից մի քանի օրինակ չես պահել, դու հաղթաթուղթ չունես քո ձեռքում։ Քանի դեռ ֆիլմը չկա, քեզ կարող են ճնշել և թույլ չտալ, որ այն ավարտես։ Թեև մի քանի օրինակ ես անում, պահում տարբեր գաղտնի վայրերում, որ չգտնեն, բայց դե ... չգիտես՝ ինչ կլինի։ Ասեմ ձեզ, ես էլ դեռ չգիտեմ՝ նոր ֆիլմ եմ անում, թե՝ չէ»։

Իրանցի ռեժիսորի հետ մոտ երկու ժամ շարունակված զրույցի ընթացքում շատ նրբորեն որոշ քաղաքական թեմաներ շոշափվեցին։ Հարցերից մեկը հիշեցում էր՝ Իրանի բանտերում դեռ մի շարք արվեստագետներ կան։ Անհանդուրժողականությունն է այս ամենի պատճառը, Իրանում գրեթե ամեն ինչ վտանգավոր է՝ երգելը, գրելը, բայց մարդիկ չեն դադարում ստեղծագործել, կարճ այսպես արտահայտվեց երկար ու ձիգ տարիներ անազատության մեջ գտնված ռեժիսորը՝ իր աջակցությունը հայտնելով դեռևս բանտում պահվող գործընկերներին։

«Արվեստագետները մեծ լսարան ունեն։ Ուստի առաջին բանը, որ անում են՝ այս մարդկանց լռեցնելն է», - ասաց աշխարհահռչակ ռեժիսորը:

14 տարի շարունակ տարբեր ճնշումների ենթարկված Փանահին, որին իշխանություններն այդպես էլ չկարողացան լռեցնել, տարբեր հնարքների է դիմել այդ տարիների ընթացքում իր արվեստը, իր բողոքը աշխարհին հասցնելու համար։

63-ամյա աշխարհահռչակ արտիստի ծննդյան օրը երեկ Երևանում նշվեց՝ փոքրիկ անակնկալով. կա մի լեգենդ, որ անազատության մեջ գտնվող Փանահին իր «Սա ֆիլմ չէ» ֆիլմը Կանն է հասցրել խմորեղենի մեջ թաքցված կրիչով։ Մի այդպիսի տորթ էլ երեկ «Ոսկե ծիրան»-ն էր թխել Փանահիի համար։ Թե ինչ էր այս կրիչի մեջ, թերևս մի նոր լեգենդ կդառնա։

XS
SM
MD
LG