Մատչելիության հղումներ

Երկու տղամարդու Արցախի բարբառով զրույցը՝ քրեական գործի հիմք


Երկու տղամարդու՝ Արցախի բարբառով զրույցը, որ տարածվել էր Ֆեյսբուքում, քրեական գործի հիմք է դարձել։ Ինչի՞ մասին են նրանք խոսում. իրավապահները, Հանրային հեռուստաընկերությունը և բարբառը հասկացող մարդիկ տարբեր կերպ են վերծանում։

Քննչական կոմիտեն, որ իր էջում տարածել է հենց Հանրայինի ռեպորտաժը, պնդում է, որ արցախցի տղամարդիկ զրուցում են ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ անձանց գումարներ բաժանելու, մասնակցության և արված ծախսերի համեմատ դրանց սակավ լինելու, այլ անձանց կողմից ավելի շատ գումար վերցնելու, իսկ իրենց դրանից անհամեմատ քիչ տրամադրելու մասին։ Երեկ էլ այս գործի շրջանակում արցախցի Նարեկ Թևոսյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով։

Մինչդեռ Արցախի բարբառը հասկացող մարդիկ պնդում են՝ զրույցից նախ չի հասկացվում՝ խոսքն ինչի մասին է: Քննչականի տարածած գաղտնալսված զրույցում հանրահավաք բառը չի հնչում, լսվում է միայն ամսի 26-ին արտահայտությունը։ Զրուցակիցներից մեկը բրիձ ստանալու մասին է խոսում, դժգոհում, որ «ցիգան չեն, որ օրը 5-10 մանեթ վերցնեն իջնեն»։ Մինչդեռ Հանրայինի ռեպորտաժից ռեպորտաժից տպավորություն է ստեղծվում, թե զրույցը վերաբերում է փողով ընդդիմության հանրահավաքին գնալուն։

Զրույցի մեկ հատված էլ առհասարակ փող վերցնելու մասին չէ, այլ ոտնաման՝ կոշիկ կրելու։

Կալանավորված արցախցի տղամարդու փաստաբան Ռուբեն Մելիքյանը վստահ է, որ Հանրայինը միտումնավոր է աղավաղել զրույցը։

«Այդ ձայնագրությունը առաջին անգամ, կրկին «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապված Civic.am լրատվամիջոցում է հայտնվել՝ այդ անհասկանալի գաղտնալսումը, իսկ այդ հատվածը կոնկրետ վերաբերում է շատ ցավալի մի հարցի, որ մեկը մյուսին ասում է՝ «երեկ 2200 դրամով կոշիկ եմ առել, ես ե՞րբ էի 40 հազարից պակաս կոշիկ հագնում», սա է ընդամենը: Իսկ նրանք թարգմանել են, որ «երեկ 2200 դրամ էր ինձ տվել, ես ե՞րբ էի համաձայն նման բան անել, 40 հազար դրամ և այլն», - «Ազատությանը» ասաց Մելիքյանը՝ շարունակելով. - «Ստանդարտ քաղաքական հետապնդում եմ համարում»:

Հանրայինը, ի դեպ, ռեպորտաժը հեռարձակելուց ժամեր անց ներողություն խնդրեց՝ կատարվածը որակելով վրիպակ. - «Վրիպակի համար հայցում ենք հեռուստադիտողների ներողամտությունը»:

Փաստաբան Մելիքյանը, մինչդեռ, նույն ձևաչափաչով ու տևողությամբ ձայնի իրավունք է պահանջում Հանրայինից։

Քննչական կոմիտեն, այդուհանդերձ, հաղորդում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» և «Սրբազան շարժում» անվանումներով հավաքներին մասնակցող անձանց նյութապես շահագրգռել են։ Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզում բնակվող 29-ամյա երիտասարդը 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում ընդդիմության հավաքներին բազմամարդություն ապահովելու նպատակով առնվազն 4 անձի՝ յուրաքանչյուրին մեկանգամյա մասնակցության համար, վճարել է շուրջ 5 հազար դրամ և այդ կերպ ապահովել նրանց մասնակցությունը հավաքներին։

Գաղտնալսված ձայնագրության մի հատվածում լսվում է «5-10 մանեթ վերցնելու» մասին։ Կալանավորված արցախցու փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Ազատության» հետ զրույցում նաև ասաց, որ մի նոթատետր էլ ներկայացվել է դատարան, որտեղ անուններ են նշված եղել՝ դիմացը գումար։ Սակայն փաստաբանը պնդում է՝ սա հիմք չէ՝ ենթադրելու, որ առևտուրը կապ ունի հանրահավաքի հետ, առավել ևս, որ անունների մի մասը հնդկական են եղել։

«Ինչ-որ հնդիների հետ որոշակի գործունեություն է իրականացվել, և էնպիսի գումարներ են գրած, որ էդպիսի գումարներ ուղղակի հնարավոր չի պատկերացնել միտինգներին մասնակցելու համար, էլի, ծիծաղելի է: Առավել ևս, որ մեծ մասը հնդիկներ էին, և մենք տեսնում ենք, որ որևէ հնդիկ չի մասնակցում, բնականաբար, այս բողոքի գործողություններին», - ասաց Մելիքյանը:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած բողոքի ակցիաներից մի քանիսի ընթացքում նաև բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև։ Վերջին տեղեկություններով՝ բողոքի ակցիաների մեկ ամսվա ընթացքում արդեն 24 մասնակից է մեղադրյալի կարգավիճակ ստացել՝ տարբեր հոդվածներով։ Չնայած ոստիկանական բիրտ ուժի կիրառման մասին ընդդիմության հայտարարություններին, տարածված բազմաթիվ տեսանյութերին՝ ոստիկանների շարքերում այս բողոքներից հետո մեղադրյալներ դեռ չկան։ Մեկ ոստիկանի լիազորություններ կասեցվել են դաշնակցական պատգամավորին խմբով ծեծելուց հետո։

Այլ մանրամասներ Քննչական կոմիտեն այսօր չհաղորդեց՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել։

XS
SM
MD
LG