Եթե այս պահին բիզնեսը չի բարձրաձայնում, մենք էլ չենք տեսնում այդպիսի խնդիր. Պապոյան
«Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90 տոկոսն անվտանգ չէ, զգալի մասն էլ խաղողի սպիրտից չէ պատրաստված», - սա ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն էր օրերս գրել:
Հոդվածի հրապարակումից երկու օր անց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասում է՝ մինչև հիմա պաշտոնական ծանուցում չեն ստացել, ինչի՞ն արձագանքեն:
«Եթե մամուլի բոլոր հրապարակումներին սկսենք արձագանքել, կարող է նախարարությունից վերածվենք լրատվական արձագանքման նախարարության», - ասաց Պապոյանը։
«Ազատության» հարցին, թե ռուս գործընկերներին դիմե՞լ են հասկանալու՝ գնացե՞լ են պետական լրատվամիջոցի հրապարակած տեղեկության հետքերով, նախարարը պատասխանեց․ - «Եթե այս պահին բիզնեսը չի բարձրաձայնում, մենք էլ չենք տեսնում այդպիսի խնդիր»։
Ռուսական պետական լրատվական գործակալությունը նաև գրել էր, թե «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի ալկոհոլային խմիչք արտադրողների միությունն են հայկական տասը խոշորագույն կոնյակ արտադրողների, ավելի քան 20 ապրանքանիշի շուրջ 200 նմուշ ուսումնասիրել։ Շուրջ 90 տոկոսում խաղողի սպիրտ չի եղել, իսկ ըմպելիքը կոնյակ է համարվում, եթե այն խաղողի ծագման սպիրտ է պարունակում:
Ավագ Հարությունյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում
«Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ» Ավագ Հարությունյանը, որ նաև կոնյակի արտադրության, արտահանման ու վաճառքի նրբություններից է քաջատեղյակ, քաղաքական ենթատեքստ է տեսնում այս հայտարարությունում. - «Այսինքն՝ եթե դու քեզ պահես փոքր եղբոր նման, եթե դու այլ պահանջներդ չդնես, ենթարկվես, քո կոնյակը, գինին և այլն շատ բարձր որակի են, եթե հանկարծ հակառակն անես, քո ալկոհոլն իմ երկրի համար ներկայացնում է պոտենցիալ վտանգ, ազգային անվտանգության խնդիր։ Սա ռուսական քաղաքականության հիմնաքարն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Ավագ Հարությանյանը խնդրահարուց է համարում այն, որ ռուսները նմուշառումները կատարել են մանրածախ առևտրի կետերից, ոչ թե մաքսային պահեստներից: Եթե խնդիր լիներ, այս դեպքում ՌԴ կոնյակ ներմուծող հայկական ընկերությունները պաշտոնական ծանուցում կստանային, նշեց նա, նաև պնդեց՝ վերջին 20 տարում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ կոնյակ արտահանող ընկերություններին ստիպել, որ արտահանելիս ստանդարտները չանտեսվեն։
«Փորձի պահել ռուսական շուկայում թղթի վրա գրված ամենախիստ պահանջները, երկրորդ՝ փորձի տնտեսվարողներին օգնել, որպեսզի իրենք այլ շուկաներում տեղ գտնեն։
Հիմա ռուսական շուկայում մենք գիտենք, որ թղթի վրա գրվածը կապ չունի իրականության հետ, բայց մյուս կողմից էլ մենք գիտենք, որ ինչքան այդ թղթի վրա գրվածից հեռանում ենք, այնքան խոցելի ենք դառնում», - նշեց նա։
Նախորդ տարի էլ «Ջերմուկ Գրուպ»-ի առանձին խմբաքանակների վաճառքն էր արգելվել Ռուսաստանում, հետո խնդիրներ էին առաջացել նաև հայկական կաթնամթերքի, պտուղ-բանջարեղենի հետ։ Պետական մարմիններից «Ռոսսելխոզնադզոր»-ն էլ օրերս տեղեկացրել էր, որ Ռուսաստանը խախտումների պատճառով հայկական 16 ընկերության արգելել է միրգ-բանջարեղենի ներմուծումը:
Այս տարվա մարտին «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ էր կիրառել հայկական Max Fish ընկերության արտադրանքի նկատմամբ: Ընկերությունն այստեղ քաղաքական ենթատեքստ էր տեսել:
«Մեզ թվում է՝ սա քաղաքական հարց է, պետություններն իրար չեն հասկանում, տուժում է բիզնեսը։ Ռուսաստանն իր «Ռոսսելխոզնադզոր»-ն օգտագործում է որպես ստրատեգիական կառույց՝ ցանկացած պետության հետ, որոշշահեր չհամընկնելու դեպքում, օգտագործում է այս կառույցն իր հարցերը լուծելու համար», - «Ազատության»-ը փոխանցելց Max Fish ընկերության ներկայացուցիչն անանուն մնալու պայմանով։
Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին արդյո՞ք Պապոյանը կոնյակի շուրջ բարձրացված այս լրատվական աղմուկն էլ է քաղաքական համարում, մի քանի անգամ կրկնվող այս հարցին Պապոյանը հստակ չպատասխանեց:
«Մեր տնտեսական քաղաքականության նպատակն այնպիսին է, որպեսզի մեր ապրանքների և ծառայությունների որակն անընդհատ բարձրանա, և մենք կարողանանք բոլոր երկրներում վաճառել ապրանքներ, և մեզ որակի հետ կապված հարցեր չհնչեն, իսկ հնչելու դեպքում որպես պատասխան ցույց տանք միջազգային լաբորատորիաներից ստացված փորձաքննության արդյունքները», - ասաց նախարարը։