Մատչելիության հղումներ

«Բոլորիս միտքը, որ սկսվել է ռմբակոծություն». Երևանում օրերս կազմակերպված հրավառությունը՝ դժգոհությունների առիթ

Լրացված

Հրավառություն, արխիվ
Հրավառություն, արխիվ

Կենտրոնի բնակիչ, երկու անչափահաս երեխաների մայր Սոնա Ազարյանը սարսափով է հիշում՝ ինչպես անցած ուրբաթ օրը՝ կեսգիշերին, փորձում էր հանգստացնել ահաբեկված երեխային, որին արթնացրել էին պայթյուն հիշեցնող ձայները:

«Փոքրիկս համարյա լաց լինելով արթնացավ ու մինչև 5-ն անընդհատ վեր էր թռնում: Ահավոր սթրես ապրեցինք: Բոլորիս միտքը, որ սկսվել է ռմբակոծություն։ Հետո հասկացա, որ սալյուտ ա, շատ ուրախ ա ամեն ինչ», - նշեց Ազարյանը:

Այդ օրը WCIT տեխնոլոգիական միջոցառման համերգային ծրագրի շրջանակում հրավառություն էր կազմակերպվել Հանրապետության հրապարակում, ընդ որում, օրենքի մի քանի կետի խախտմամբ։ Մայրաքաղաքը հրավառությունից դղրդաց 23:30-ին, մինչդեռ օրենքով սահմանված ժամը մինչև 23:00-ն է։

Սոնա Ազարյանի պնդմամբ՝ թեժ գծի, արագ արձագանքի համարները տևական ժամանակ չեն արձագանքել։

«Ուրբաթ օրը ես սկսեցի զանգահարել 102, 911, չէին պատասխանում, ինչ-որ ժամանակ հետո հետ զանգեցին մուննաթ ձայնով՝ «ի՞նչ է պատահել», ասում եմ՝ «չե՞ք լսում ինչ է պատահել, ամբողջ Կենտրոնն ուղղակի դղրդում է», ու ես վստահ եմ, որ ես առաջինն ու վերջինը չէի, որ զանգահարում էի», - նշեց նա:

Ֆեյսբուքում այդ օրը հրավառությունից սարսափած գրառումների պակաս չկար։ Ցասումը չզսպելով՝ մարդիկ ոչ միայն բողոքում էին, որ օրենք է խախտվել, այլ նաև խնդրի բարոյական կողմին էին անդրադառնում՝ ինչպես կարելի է պատերազմների միջով անցած մարդկանց հոգեկան այսպիսի տառապանք պատճառել։

«Ե՛վ այն արցախցիներին, ովքեր այստեղ են բնակվում, և՛ այն երևանցիների, ովքեր պատերազմում են կռվել ու մեր բոլորի երեխաները, այսինքն, մի զարհուրելի դեպք պատահեց, երբ որ հենց պետականությունը թույլ է տալիս օրենք խախտել», - նշեց Սոնա Ազարյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտարարեց. «Մի քանի օր առաջ տեղի ունեցած համերգի շրջանակներում իրականացված հրավառության արձանագրությունը Ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ պետք է քննարկել, հասկանալ»

Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հպանցիկ անդրադարձավ այս թեմային՝ որևէ կերպ չնշելով, սակայն, որ հրավառությունը տեղի է ունեցել օրենքով սահմանված ժամից դուրս։ Ավինյանին մտահոգել էր միայն այն, որ քաղաքապետարանին չէին տեղեկացրել։

«Վստահաբար հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում, բայց քանի որ դիմում չի եղել, խնդրում եմ, այս արձանագրությունը կազմենք անպայման», - նշեց Ավինյանը:

«Չպետք է լինի հրավառություն օրենքով սահմանված ժամից հետո և վերջ», - սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է դեռ 6 տարի առաջ՝ հեղափոխությունից անմիջապես հետո, դրանից հետո էլ, սակայն, ապօրինի հրավառությունների պակաս չզգացվեց, որոնց շատ ավելի խիստ հայտարարություններ հետևեցին, հետո օրենքի նախագծեր մշակվեցին, ընդունվեցին։

Հրագործական արտադրանքների ներմուծումը, վաճառքն ու կիրառումն արգելող օրենքն էլ անցած տարի ընդունվեց՝ իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ։ Ըստ օրենքի՝ պետական կամ համայնքային մարմինը, որը ցանկանում է որևէ միջոցառման համար հրավառություն կազմակերպել, կարող է դիմել լիազոր մարմնին, որը տվյալ դեպքում Ներքին գործերի նախարարությունն է։ Այս գերատեսչությունից այսօր արձագանք ստանալ չհաջողվեց։

Օրենքով սահմանվող պայմանների խախտման դեպքում տուգանքներ են սահմանված. առաջին խախտման դեպքում՝ 1-2 միլիոն դրամ, մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 3 միլիոն դրամ։

Քաղաքապետ Ավինյանն այսօր գործակարգավարականի ժամանակ չասաց նաև՝ արդյոք կազմակերպիչները կտուգանվեն։

Հրավառության հեղինակ WCIT-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ խնդրին կարձագանքեն օրվա ընթացքում։ Պատասխան դեռ չենք ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG