Մատչելիության հղումներ

Երևանն ու ԵՄ-ն բանակցություններ են վարում «Նոր գործընկերության օրակարգ»-ի շուրջ. Միրզոյան


Հայաստանն ու Եվրոպական միությունը բանակցություններ են վարում «Նոր գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթղթի շուրջ, ֆիննական «Lännen Media» լրատվական գործակալությանն ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը դա բնութագրել է որպես համագործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող համապարփակ փաստաթուղթ:

Նա ընդգծել է, որ Հայաստանը «համագործակցության հավակնոտ օրակարգ» է հետապնդում Ֆինլանդիայի և ԵՄ-ի հետ. - «Դուք գիտեք մեր քաղաքականությունը, որը նպատակ ունի Հայաստանին ավելի ու ավելի մոտեցնել Եվրոպական միությանը»։

Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս իրականացնում է մի քաղաքականություն, որն ուղղված է ԵՄ-ի հետ հարաբերությունների էական խորացմանը։

Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում իր ելույթում նշել էր, որ Երևանը պատրաստ է մոտենալ Եվրոպական միությանն այնքան, որքան դա հնարավոր կդիտվի ԵՄ կողմից:

ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը հայտնել էր ԵՄ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Բացի այդ, Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելությունը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ 2023-ի փետրվարին Հայաստան եկած Եվրամիության առաքելության դիտորդների տեղակայման ժամկետը լրանում է 2.5 ամսից։

Հարցին, թե որքանո՞վ է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը համատեղելի եվրոպական նպատակների հետ, Միրզոյանը պատասխանել է՝ հիշեցնելով, որ ֆորմալ առումով Երևանը ՀԱՊԿ-ի մաս է կազմում, բայց հայտարարել է, որ սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը:

«Մենք կարծում էինք, որ այս կազմակերպությունը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ցավոք, վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մի քանի հարձակումների և խախտվել են մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները: Երբ դա տեղի է ունեցել, մենք երբեք իրական աջակցություն չենք ստացել: Այդպիսի պարտավորություններ ունեցող դաշնակիցները պետք է օգնեն միմյանց, ռազմական դաշինքի իմաստը հենց դա է։ Այս անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության», - հավելել է նա:

Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։

Այս տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար՝ հավելելով՝ դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG