Հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է Հայաստան պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարները։
Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա զարգացման միտումները, կարևորել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կերպափոխման ընթացքը։
Քննարկումների արդյունքում համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է տասնյակ միջոցառումներ՝ փորձի փոխանակման, կրթության և վարժանքի, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով։