Մատչելիության հղումներ

Երևանն ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները «հասցնել ռազմավարական գործընկերության»


Հայաստանն ակնկալում է նոր վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն ի վերջո հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի, ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Անդրադառնալով ԱՄՆ ընտրություններին և հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին՝ փոխնախարարը նաև նշեց՝ անկախ վարչակազմից Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունները ինստիտուցիոնալ կայուն հիքմեր ունեն:

«Այս տարի արդեն հայտարարվեց, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները փորձում են բարձրացնել հարաբերությունների մակարդակը ռազմավարական երկխոսությունից ռազմավարական գործընկերության, և այս առումով ինտենսիվ քայլեր են իրականացվում, և թույլ տվեք վստահություն հայտնել, որ նոր վարչակազմի դեպքում էլ աշխատանքները բարեհաջող կընթանան և ավարտին կհասցվեն»,- հավաստիացրեց Վահան Կոստանյանը։

Ըստ դիվանագետի՝ այժմ նաև քայլեր են իրականացվում համագործակցության օրակարգն ընդլայնելու, այդ թվում՝ պետությունների միջև տնտեսական հարաբերությունների խորացման համար:

«Ազատության» հարցին, թե մինչ այս հանրապետական թեկնածուի թիմի հետ համագործակցության ի՞նչ փորձ է եղել, պաշտոնյան նշեց. «Բնականաբար, թե՛ Արտաքին գործերի նախարարությունը, թե՛ մեր տարբեր գործընկերներ մշտապես շփումներ են պահպանել թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների հետ»:

  • ԱՄՆ նախագահի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ թեկնածուները նախընտրական շրջանում անդրադարձել էին հայկական խնդիրներին: Քամալա Հարիսը խոսել էր արցախահայերի վերադարձի իրավունքից, Դոնալդ Թրամփը խոստացել էր նախագահ դառնալու դեպքում պաշտպանել հալածված քրիստոնյաներին, դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, ու վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է պատրաստվում դա անել:
  • Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ Ամերիկայի ամենաազդեցիկ հայկական կառույցներից մեկը՝ Հայ դատի հանձնախումբը որևէ թեկնածուի սատարելու կոչ չէր արել:

XS
SM
MD
LG