Մատչելիության հղումներ

«Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին»․ Ֆիդան


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ

«Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին», - թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, երկրի խորհրդարանում նախօրեին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ շեշտելով՝ «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հույսի շող կա»։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան աջակցում է խաղաղության բոլոր ջանքերին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր հայտարարել, թե ցանկանում են, որ «տարածաշրջանում ստեղծված պատմական հնարավորությունը» նպաստի Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։

«Մեր դիվանագիտական ծառայությունը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության, հանգստության և անվտանգության հաստատմանը։ Հավատում եմ, որ այն կշարունակի հաջողությամբ կատարել իր առաքելությունը», - խորհրդարանում հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

Մինչ Թուրքիան խաղաղության հաստատմանը հասնելու եզրափակիչ փուլից է խոսում, Բաքուն շարունակում է պնդել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար երկու հիմնական խոչընդոտ կա՝ պնդելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, որտեղ, ըստ Բաքվի, տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ։ Պաշտոնական Երևանն էլ հակադարձում է՝ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG