Մատչելիության հղումներ

Նոր տարի, նոր կանոններ. Երևանի ավտոբուսներում կանխիկով վճարել այսուհետ հնարավոր չէ


Դրամապանակներում և գրպաններում 100 դրամանոց փնտրելն այլևս արդիական չէ, նոր տարի, նոր կանոններ, համայնքապատկան ավտոբուսներում կանխիկով վճարել այսուհետ հնարավոր չէ:

Ավտոբուսների ու մետրոյի համար առայժմ գործում է նույն 100 դրամ սակագինը, տրոլեյբուսի համար էլ առայժմ կարող եք 50 դրամ վճարել: Քաղաքապետարանը դեկտեմբերին որոշեց մեկ ամսով հետաձգել թանկացումը, բացատրեցին, թե սա անում են միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը հնարավորինս դյուրին դարձնելու համար:

Քաղաքապետարանն ավելի վաղ գործարկել էր առանձին կայքը՝ transport.yerevan.am, այստեղ կարող եք ծանոթանալ առաջարկվող շաբաթական, ամսական, տարեկան և մյուս բոլոր փաթեթներին, համեմատել ու հաշվել, թե փետրվարի 1-ից ձեզ համար որ տարբերակն ավելի ձեռնտու կլինի: «Թելսել»-ի կայքում էլ տեղեկացնում են՝ փոփոխությունները փուլային են լինելու, այսօրվանից միայն կանխիկով վճարումներն են դուրս են գալիս:

Նոր տարվա առաջին օրը սակավաթիվ մարդիկ են տրանսպորտից օգտվում. 100 դրամանոց ընդունող սարք այլևս չկար: Էլեկտրոնային տոմսերի վալիդատորն առաջին փորձից QR կոդը չի ճանաչում, երկրորդ փորձից փոքր-ինչ ուշացումով լսվեց հաստատումն ազդարարող սպասված ձայնը:

Քաղաքային իշխանությունները չեն բացառել՝ մեկնարկային շրջանում տեխնիկական խնդիրներ կարող են լինել: Վճարման կարգի փոփոխությունը տրանսպորտային միակ նորությունը չէ, այսօրվանից երթուղիներ դուրս եկան «Ժոնգ Տոնգ» մակնիշի չինական նոր 171 ավտոբուսները՝ գերմանականի գույնով ներկած:

Նոր մեքենաները փոխարինում են նույն երթուղիները նախկինում սպասարկող հին ավտոբուսներին: Նույն կապույտ ավտոբուսներն են, պարզապես այլ տեսք ստացած: Ներսում էլ առանձնապես նորություն չկա՝ փոքր-ինչ տարբերվում են գունային լուծումները՝ աթոռներն այլ երանգներ ունեն:

XS
SM
MD
LG