Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու առաջարկի շուրջ Բաքվի պատասխանին սպասող Կառավարությունը հայտարարում է՝ ցանկացած պահի պատրաստ են ավելի գործնական քայլերի։ Մոտավորապես որքա՞ն գումար կպահանջվի այս երկաթուղու գործարկման համար. տարեվերջին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակված Դավիթ Խուդաթյանն ասում է՝ հաշվարկները հիմա էլ շարունակվում են, վերջնական պատկեր դեռ չկա:
«Ամբողջ՝ և՛ վերականգնման մասով, և՛ այլ հաշվարկների մասով, հաշվարկներ են իրականացվում նաև զուգահեռ, ես քանի վերջնական պատկեր չունենք և քանի նաև մեր առաջարկին ադրբեջանական կողմից արձագանք չունենք, ավելի մանրամասն չեմ ուզում մեկնաբանել», - հայտարարեց նախարարը:
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ սպասում են երկաթուղին բացելու Բաքվի դրական արձագանքին, ինչից հետո հայկական կողմում կսկսվի շինարարարությունը:
Սրան զուգահեռ՝ Թուրքիայի հետ պայմանավորվածություն կա համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով անցման տեխնիկական պահանջները, այս մասին էլ շուրջ երեք ամիս առաջ է հայտարարվել: Ա՞յս աշխատանքները որ փուլում են, «Ազատություն»-ը հարցրեց նախարարին:
«Խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը, որը ենթադրում է ինչպես երկաթուղային, այնպես էլ ճանապարհային ապաշրջափակում նաև ձեր նշած կոնտեքստում: Մենք այս մասով բավական աշխատանք ենք իրականացրել, ուսումնասիրություն ենք իրականացնում բեռների հավանական տեղափոխման, ուղևորափոխադրումների հավանական տեղափոխման մասով: 2025 թվականին «Խաղաղության խաչմերուկի» մասով ավելի մանրամասն այդ ծրագիրը ներկայացնելու առիթ և հնարավորություն կունենանք», - պատասխանեց Խուդաթյանը:
Դավիթ Խուդաթյանն այսօր ըստ էության հիմնականում ամփոփում էր վարչապետի հաղորդագրությունից հետո հրաժարական տված Գնել Սանոսյանի պաշտոնավարման օրոք գերատեսչության կատարած աշխատանքը. կառուցված ճանապարհներ, Երևան-Կապան թռիչքներ... Գնել Սանոսյանն, օրինակ, անցած տարի խոստանում էր՝ 2025-ին ամբողջության պատրաստ կլինի Հյուսիս-Հարավ մայրուղու Երևան-Գյումրի հատվածը:
Կպահի՞ գործադիրը խոստումը, «Ազատություն»-ը հարցրեց տարածքային կառավարման արդեն նոր նախարարին: Նույն վստահությամբ պատասխան, սակայն, չհնչեց:
«Եթե այլ խանգարող հանգամանքներ չլինեն, մենք այդ ճանապարհը մեծ ծավալով՝ առվազն 90 և ավելի տոկոսով շահագործման կհանձնենք, ինչը Երևանից Գյումրի և հակառակ ուղղությամբ կկրճատի ժամանակը ուղևորափոխադրումների՝ իր հետ բերելով ոչ միայն ժամանակի կրճատում, այլև տնտեսական մեծ օգուտներ», - ասաց Խուդաթյանը:
Անցած տարեվերջին հայկական խոսույթում նոր թրենդային օտարաբանություն հայտնվեց՝ փրայմըրիզներ, այսինքն՝ նախնական ընտրություններ: Այս եղանակով Գյումրիում վարչապետը քաղաքապետի պաշտոնակատար նշանակեց, այժմ փրայմըրիզներ են անցկացվում առանց քաղաքապետի մնացած Փարաքարում: Նորանշանակ նախարարը հայտարարում է՝ նույնը պատրաստվում են շատ բնակավայրերում անցկացնել:
Օրակարգային գլխավոր հարցերից է ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը: Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման երկարաձգված ժամկետի լրանալուն 11 տարի է մնացել: Այժմ պետք է որոշել, թե որ երկրի առաջարկած տեխնոլոգիայով ու ինչ հզորության նոր միջուկային էներգաբլոկ կառուցել։ Անցած տարի Կառավարությունը տեղեկացրեց՝ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ:
Ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, ասում է Դավիթ Խուդաթյանը՝ որևէ հստակություն չմտցնելով. - «Մենք տարբեր ուսումնասիրություններ ենք իրականացնում, այդ ուսումնասիրություններն էլ դեռևս ավարտված չեն, և չեմ հրապարակի, թե որ հայտերն են մեզ համար առավել մեծ հետաքրքրության կենտրոնում»:
Մասնագետների կարծիքով՝ նոր ատոմակայանի կառուցման համար առնվազն մեկ տասնամյակ պետք կգա, ու եթե մինչ 2036 թվականը այն պատրաստ չլինի, երկիրը գուցե փաստի առաջ կանգնի: Տարածքային կառավարման նախարարը վստահեցնում է՝ հասցնելու համար առավելագույնն են անում: