Բրյուսելում կայացավ Եվրամիության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, իսկ այսօր մեկնարկել է պաշտպանության նախարարների հանդիպումը:
Արտգործնախարարների հանդիպումը երկու առանձնահատկություն ուներ: Առաջին՝ այն պետք է անցկացվեր Եվրոպական խորհուրդը նախագահող Հունգարիայում, բայց Եվրամիություն - Հունգարիա տարաձայնությունների, Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած այցի, Պուտինի հետ բանակցելու պատճառով հանդիպումը որոշվեց անցկացնել Բրյուսելում Երկրորդ առանձնահատկությունը՝ հինգ տարվա ընդմիջումից հետո Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը հրավիրվեց նաև Թուրքիան:
Այդ կապակցությամբ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարին հրավիրելը կդառնա առաջին քայլը՝ երկխոսության գործընթացը վերականգնելու և լուծելու բոլոր խնդիրները, հատկապես Կիպրոսի խնդիրը, ընդգծել է նա: Բորելը վերահաստատել է, որ Թուրքիան հանդիսանում և մնում է Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկիր, Բրյուսելը պատրաստ է դուռը բաց պահել հետագա բանակցության համար, սակայն նա որևէ ժամկետներ չի նշել:
Ինչ վերաբերում է հակամարտություններին, Բորելը Ուկրաինային զենք տրամադրող արևմտյան գործընկեր երկրներին հորդորել է թույլատրել, որ իրենց տրամադրած զենքով հարվածներ հասցվեն ռուսական տարածքի ռազմական օբյեկտներին:
«Ուկրաինան հարձակման է ենթարկվում Ռուսաստանի տարածքից և միջազգային օրենքի համաձայն կարող է պատասխան գործողության դիմել այն տարածքների վրա, որտեղից իր վրա հարձակվում են», - ասել է Բորելը՝ նշելով, որ սա Եվրամիության ընդհանուր դիրքորոշում չէ, Ուկրաինային հեռահար հրթիռներ տրամադրող յուրաքանչյուր երկիր կարող է ինքը որոշում ընդունել՝ թույլատրելով իր տրամադրած զենքով հարվածել Ռուսաստանի տարածքի ռազմական օբյեկտներին: Նա ընդգծել է, որ սա չի նշանակում ներգրավվել Ռուսաստանի հետ պատերազմում, այլ աջակցություն է Ուկրաինային:
Բորելի խոսքով՝ ակնհայտ է, որ աջակցության դեպքում Ուկրաինան կարողանում է հաջողությամբ պայքարել Ռուսաստանի դեմ, և դրա օրինակը Կուրսկի գործողությունն է:
Պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգի մասին նա ասել է, որ քննարկվելու են Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման խնդիրները, շուրջ 60 հազար զինվորի ուսուցման վերապատրաստման հնարավորությունները և Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողությունները: Անցած կիրակի օրը Ռուսաստանը 300 դրոն է արձակել Կիևի վրա և Ուկրաինայի էներգետիկ համակարգերի վրա: «Ակնհայտ է, որ Պուտինը ցանկանում է գալիք ձմռանը Ուկրաինային դնել մթի և ցրտի մեջ», - ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Եվրամիության պաշտպանության նախարարների այսօրվա հանդիպմանը գործընկերներին կոչ է արվել Ուկրաինային տրամադրել խոստացած սպառազինությունները:
Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսն ասել է, թե Ուկրաինային ռազմական օգնության մատակարարման կոնկրետ ամսաթվեր չի հայտնի. - «Ոչ թե այն պատճառով, որ չեմ ցանկանում թափանցիկ լինել, այլ որ չենք ցանկանում տեղեկացնել Ռուսաստանին, որովհետև նրանք, իհարկե, հետևում են Ուկրաինայի օդային պաշտպանության կարողություններին: Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել՝ այն, ինչ մենք խոստացել ենք, մատակարարում ենք և շուտով կառաքվի»:
ՆԱՏՕ-ի անդամ Նիդերլանդները, Բելգիան և Դանիան ավելի վաղ պարտավորվել էին Ուկրաինային տրամադրել 60 միավոր F-16 կործանիչներ: Կիևը ցանկանում է առնվազն 130 միավոր F-16 ստանալ ռուսական օդուժի առավելությունը չեզոքացնելու համար, որն այսօր ուկրաինական ուժին գերազանցում է տասն անգամ: