Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց. այն աջակցում է խաղաղ գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության ճանաչման և այլ սկզբունքների վրա


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը, հայտնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Խորհրդարանական վեհաժողովը, ԱԺ փոխնախագահի տեղեկացմամբ, նշում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ներգրավված լինել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում՝ միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությանը համապատասխան։

«Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Վեհաժողովը լիակատար աջակցություն է հայտնում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին։

Վեհաժողովը ողջունում է նաև սահմանների սահմանազատման մեկնարկը՝ հիմնված Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի վրա՝ ակնկալելով, որ գործընթացը կշարունակվի ամբողջ սահմանի երկայնքով», - հաղորդում է հայկական պատվիրակության ղեկավարը:

Բացի այդ, ԵԽԽՎ-ն բարձր է գնահատում ինքնիշխանության, ազգային իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ընդունված մոտեցումը: Այս համատեքստում վեհաժողովը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի վերաբերյալ Բաքուն մինչև այժմ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել։

Այսօր ԱԽ քարտուղարը հայտնեց, որ Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։ Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ Երևանն այժմ աշխատում է դրանց ուղղությամբ։

ԵԽԽՎ բանաձևը նաև կոչ է անում Ադրբեջանին «ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին», մանրամասնել է Ռուբեն Ռուբինյանը։

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG