Մատչելիության հղումներ

Տվերի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զինամթերքի պահեստում հրդեհ է բռնկվել


Տվեր, արխիվային լուսանկար
Տվեր, արխիվային լուսանկար

Տվերի մարզի Տորոպեց քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո զինամթերքի պահեստում հրդեհ է բռնկվել։

Տեղի իշխանությունները տարածքից «մասնակի տարհանում» են հայտարարել, տեղում նաև հակաօդային պաշտպանության ուժերն են աշխատում։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է անօդաչու թռչող սարքերից մեկի բեկորների անկման պատճառով։

Մարզի բնակիչները սոցիալական ցանցերում գրել են, որ հրդեհվել է զորամասի տարածքը, որտեղ վերջերս մի քանի խոշոր պահեստներ են կառուցվել։ Ենթադրվում է, որ զորամասի պահեստներում կարող են լինել «Գրադ» կայանքների հրթիռներ, 82 մմ տրամաչափի փամփուշտներ և հրազենային պարկուճներ։

Հրդեհի պատճառով այրվող պահեստների մոտ գտնվող Ցիկարևո գյուղի բնակիչներին հնարավոր չի եղել տարհանել։

ASTRA-ն, վկայակոչելով տեղի բնակիչներին, հաղորդում է, որ մարդիկ օգնության են սպասում։ Նրանք լճի ափին են հավաքվել՝ հինգ նավակ խնդրելով տարհանման համար, սակայն նրանց հետ կապը կորել է։

Սոցիալական ցանցերում օգտատերերը գրում են, որ գյուղից ոչինչ չի մնացել։ Ցիկարևոյից բացի պահեստների մոտ են գտնվում նաև Կուդինո և Զարեչե գյուղերը։ Այդ գյուղերում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ չկան։

Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, ռուսական կողմը պարբերաբար հաղորդում է իր շրջանների վրա գնդակոծությունների և անօդաչու սարքերի հարձակումների մասին։ Կիևը հիմնականում չի մեկնաբանում այս հաղորդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG