Թուրքիայի դատախազությունը դատարանից պահանջում է կալանավորել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և նրա չորս օգնականներին մինչև դատավարությունը, հայտնում է Իմամօղլուի գրասենյակը:
Իմամօղլուն, որ ընդդիմության առանցքային ներկայացուցիչն է և նախագահ Թայիփ Էրդողանի հավանական մրցակիցը, չորեքշաբթի ձերբակալվել է կաշառակերության և ահաբեկչական խմբավորմանը օժանդակելու մեղադրանքներով:
Նա հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով «աներևակայելի և զրպարտություններ»:
Զուգահեռ շաբաթ օրը հազարավոր մարդիկ հավաքվել էին Ստամբուլի քաղաքապետարանի և գլխավոր դատարանի շենքի մոտ: Երկու վայրերում էլ տեղակայված հարյուրավոր ոստիկաններ արցունքաբեր գազ և պղպեղի սփրեյներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար:
Ցուցարարների և ոստիկանության բախումները շարունակվել են նաև արևմտյան ափամերձ Իզմիր նահանգում և Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երրորդ գիշերն անընդմեջ: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել:
Բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 323 մարդ: Այս մասին կիրակի վաղ առավոտյան հայտնել է ներքին գործերի նախարարը:
Կառավարությունը հերքում է այս հարցի վրա որևէ ազդեցությունը և հայտարարում, որ դատական համակարգն անկախ է: