12:35
Ռուսաստանցի օգտատերները տելեգրամ-ալիքներում տեղադրել են Սուջայից ոչ հեռու գտնվող Ռիլսկ քաղաքի մերձակայքում ոչնչացված ռուսական բանակի ավտոշարասյան տեսանյութեր: Դրանցից պարզ է դառնում, որ հարվածից զոհեր կան, ոչնչացվել է առնվազն 14 բեռնատար ու այլ տեխնիկա:
12:15
Ուկրաինայի ԳՇ-ն հաստատել է Լիպեցկում ռազմական օդանավակայանի վրա հարձակման կազմակերպումը: Հայտարարությունում նշվում է, որ խոցվել են ավիացիոն հրթիռներով պահեստներ, վառելիքի պահեստներ ու այլ օբյեկտներ:
09։00
Ռուս ռազմական բլոգերների տվյալներով՝ Կուրսկի շրջանում մարտերն այժմ ընթանում են Կուրչատովից 30 կիլոմետր հեռավորության վրա, Կուրչատովում է գտնվում Կուրսկի ատոմակայանը, և մոտ 17 հազար բնակչություն ունեցող Լգով քաղաքից 15 կիլոմետր հեռու՝ նշելով, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքներում արդեն ամրություններ են կառուցվում։
Ռուսական տելեգրամյան ալիքներում նաև տեղեկատվություն է տարածվում, որ «Վագներ»-ի ստորաբաժանումներն Աֆրիկայից տեղափոխվում են Կուրսկի շրջան, քանի որ ռուսական բանակը դեռևս չի կարողանում Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերել գրավված բնակավայրերից։
Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ ավելի քան 50 ռուս զինծառայողներ, այդ թվում՝ ժամկետային, գերի են ընկել։
The Insider-ը՝ հղում անելով տարբեր աղբյուրների, այդ թվում՝ տեղի բնակիչներին, նշում է, որ Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականները կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել 11 բնակավայր՝ 350 քառակուսի կիլոմետր տարածք։ Համեմատության համար նշվում է, որ գրավված տարածքը մոտավորապես այնքան է, որքան Խարկովի տարածքը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 6-ին հաղորդեց, թե առավոտից հակառակորդն ավելի քան 300 զինվորներով, 11 հրասայլերով ու 20 զրահապատ մեքենաներով հարձակվել է ռուսական դիրքերի վրա՝ սահմանամերձ շրջաններում։ Երեկոյան արդեն տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում է, որ մարտերում նաև ռազմական ավիացիա է ներգրավվել։
Ռուսաստանի նախագահը «լայնածավալ սադրանք» է որակել ուկրաինական բանակի ներխուժումը Կուրսկ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ երեկ գովաբանել է ուկրաինական բանակին՝ ուղղակիորեն չանդրադառնալով Կուրսկի մարզում տիրող իրավիճակին. - «Բոլորը կարող են տեսնել, որ ուկրաինական բանակը գիտի, թե ինչպես զարմացնել, և գիտի, թե ինչպես հասնել արդյունքների»:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը երեկ հայտարարել է, թե այս հարձակումը կարող է նաև միտված լինել Կիևի բանակցային դիրքերի ամրապնդմանը։