Մատչելիության հղումներ

Նոր Կալեդոնիայում վերսկսվել են անկախականների բողոքի ակցիաները


Նոր Կալեդոնիայում բողոքի ակցիաների առաջնորդ Քրիստիան Տենը
Նոր Կալեդոնիայում բողոքի ակցիաների առաջնորդ Քրիստիան Տենը

Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցները վերսկսել են բողոքի ցույցերը և դատապարտում են իրենց առաջնորդ Քրիստիան Տենին ու նրա զինակիցներին ձերբակալելու և Ֆրանսիա արտահանձնելու դեմ:

Այսօր Նոր Կալեդոնիայում ցուցարարները կրկին փակում են ճանապարհները և այրում են ոստիկանական մեքենաները։ Նրանք հրդեհել են հյուսիսային համայնքներից մեկում գտնվող քաղաքապետարանը, իսկ հարավայիններից մեկում ավերել են մի շարք շինություններ և տարածքներ:

Անցած շաբաթ օրը՝ հունիսի 22-ին, Նոր Կալեդոնիայից Ֆրանսիա են ուղարկել անկախության շարժման լիդերներից Տային և նրա ևս վեց զինակիցներին:

«Նրանք ընդամենը խաղաղ ցույցեր են կազմակերպել», - պնդել է «Կալեդոնիայի միություն» կուսակցության ղեկավար Դանիել Գոան, ով հերքել է դատախազի հայտարարությունն, ըստ որի ձերբակալվածները բռնի գործողություններ են կազմակերպել:

Բողոքի ցույցերը Նոր Կալեդոնիայում սկսվել են մայիսին՝ ի պատասխան ֆրանսիացի պատգամավորների՝ Սահմանադրությունը փոփոխելու առաջարկին, որը թույլ կտա բոլորին, ովքեր ավելի քան տասը տարի բնակվել են Նոր Կալեդոնիայում, քվեարկել տեղական ընտրություններում:

Փոփոխությունների հակառակորդները մտավախություն ունեն, թե դրա հետևանքով տեղացիների իրավունքները և հնարավորությունները կսահմանափակվեն:

Բնիկները՝ կանակները, Նոր Կալեդոնիայի բնակչության մոտ 40 տոկոսն են կազմում: Նրանք ենթադրում են, որ Սահմանադրության լրամշակումը ձեռնտու է միայն ֆրանսամետ բնակիչներին:

Բողոքի ցույցերը Նոր Կալեդոնիայում վերաճել էին անկարգությունների ու բախումների՝ Ֆրանսիային հավատարիմ շրջանակների և անկախության ջատագովների միջև:

Անկարգությունների ընթացքում թալանվել և հրկիզվել են խանութներ, պահեստներ, գազալցակայաններ, բազմաթիվ մասնավոր ընկերության գրասենյակներ։ 7 մարդ սպանվել է:

Ոստիկանությունը ձերբակալել է մոտ 280 ցուցարարի։ Ֆրանսիան զորք է ուղարկել կղզի։ Բողոքի ցույցերի սկսվելուց անմիջապես հետո նախագահ Էմանյուել Մակրոնն այցելել է Նոր Կալեդոնիա։ Այցի ընթացքում նա, ի թիվս այլ հարցերի, հանդիպել է Տաինի հետ։

Ավելի քան մեկ ամիս տևած բողոքի ակցիաներից հետո Նոր Կալեդոնիայի ֆրանսամետ քաղաքական գործիչները հայտարարել են, թե տեղական ձեռնարկությունների մեկ երրորդը ոչնչացվել է և Մակրոնին դիմել են՝ հսկողության տակ վերցնել կղզին:

Նոր Կալեդոնիան 1853 թվականին է դարձել ֆրանսիական գաղութ, 1946 թվականին ստացել է Ֆրանսիայի անդրծովյան տարածքի կարգավիճակ։ 1998 թվականի համաձայնագրով Նոր Կալեդոնիային տրվել են ավելի մեծ ինքնավարություն և անկախության երեք հանրաքվե անցկացնելու իրավունք։

Դրանք տեղի են ունեցել 2018, 2020 և 2021 թվականներին։ Առաջին երկուսի արդյունքներով անկախության հակառակորդները հաղթել են փոքր տարբերությամբ։ Երրորդ հանրաքվեն, որում տարածքի ներկայիս կարգավիճակի պահպանմանն արդեն աջակցում էր մասնակիցների 9 տոկոսը, կանակները բոյկոտել են COVID-19 համաճարակի պատճառով։

Ֆրանսիան մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում ցույցերին աջակցելու համար: Լրատվամիջոցները տարածել են ադրբեջանական դրոշներ պարզած ցուցարարների լուսանկարները: Բաքուն մեղադրանքներն անվանել է վիրավորական և անհիմն, թեպետ փաստերը վկայում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը կապեր է հաստատել Նոր Կալեդոնիայի ներկայացուցիչների հետ։

XS
SM
MD
LG