«Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա իրավական վեճերը», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում», - նշեց նա:
Հարցին էլ, թե ի՞նչ առաջարկ է արել Երևանը Բաքվին իրավական վեճերը բացառելու Ադրբեջանի պահանջին ի պատասխան, Եղիշե Կիրակոսյանն արձագանքեց. - «Ես չունեմ այդ մասին տեղեկատվություն, դա ԱԳՆ-ի տիրույթում է»:
Մեր մյուս հարցին, թե Բաքվի՝ հայցերը հետ կանչելու պահանջը, արդյոք խաղաղությանը միտված քա՞յլ է, Կիրակոսյանը պատասխանեց՝ դատական վեճերի և խաղաղության միջև հակադրություն դնելն արհեստական է։
«Ես դրա մեջ անկեղծություն չեմ կարող տեսնել։ Միջազգային դատարաններում վեճերի քննությունը վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ է՝ ժամանակակից աշխարհում ընդունված: Բնական է, որ դժվար կլինի պատկերացնել, որ մենք վեճ չենք ունենալու՝ հաշվի առնելով այն պատմությունը, որ մենք ունեցել ենք տասնամյակների, հարյուրամյակի ընթացքում, իսկ վեճի լուծումը որոշակի առումով լիցքաթափման հնարավորություն է երկու երկրների համար էլ, որովհետև այդ դատական պրոցեսները, նաև երկուստեք պահանջներ ներկայացնելը կարևորագույն վարժություն են, և դա չանելը չեմ կարծում, որ ճիշտ կլինի», - նշեց նա:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Երևանը Բաքվին «երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու» համատեքստում առաջարկել է «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններում»։
Փաշինյանը 2024 թվական նոյեմբերին Հանրային ՀԸ հետ հարցազրույցում էլ նշել էր, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հայցերը հետ կանչել:
Միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու պահանջ Բաքուն է ներկայացնում, հարցն, ըստ ադրբեջանական կողմի, խաղաղության պայմանագրի կետերից է:
Արցախի վրա 2020 և 2023 թվականների հարձակումներից հետո Հայաստանը 4 միջպետական գանգատ է ներկայացել ՄԻԵԴ, ևս մեկը՝ Հաագայի արդարադատության դատարան: