Մատչելիության հղումներ

Բրյուսելի և Կիևի կողմից չլիազորված Օրբանը խաղաղության առաքելությամբ Մոսկվայում է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, Մոսկվա, 5-ը հուլիսի, 2024թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, Մոսկվա, 5-ը հուլիսի, 2024թ.

Թեև պաշտոնական Կիևը հայտարարել է, թե չի լիազորել Վիկտոր Օրբանին պատերազմի հարցով Մոսկվայում բանակցություններ վարել, Հունգարիայի վարչապետն այսօր Կրեմլում Ռուսաստանի նախագահի հետ երկուսուկես ժամ տևած բանակցություններից հետո վստահեցրեց, թե շարունակելու է խաղաղության իր առաքելությունը:

«Ես հասկացա, որ կողմերի դիրքորոշումները շատ հեռու են միմյանցից: Շատ քայլեր է պետք ձեռնարկել պատերազմի ավարտը մոտեցնելու համար։ Ամենակարևոր քայլը ես արդեն արել եմ՝ կապ եմ հաստատել երկու կողմերի հետ և այսուհետ ևս կշարունակեմ աշխատել այս ուղղությամբ», - հայտարարեց Օրբանը:

Եվրամիության խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից անցել է Հունգարիային, սակայն Բրյուսելից ևս հայտարարել են, որ Օրբանը Եվրամիության անունից Մոսկվայում բանակցություններ անցկացնելու լիազորություններ չունի։ Այդուամենայնիվ, և՛ Օրբանը, և՛ Պուտինը այսօր մի քանի անգամ շեշտեցին փաստը, որ Հունգարիան է նախագահում Եվրամիության խորհուրդը։

Պուտինն այսօր կրկին պնդել է՝ եթե Ուկրաինայի իշխանություններն ընդունեն իր առաջարկը, պատերազմը կավարտվի։

«Խոսքը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերից ուկրաինական բոլոր զորքերի դուրսբերման մասին է: Կան այլ պայմաններ ևս, բայց դրանք հնարավոր համատեղ աշխատանքում խորը քննարկման հարցեր են», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Պուտին-Օրբան բանակցություններից հետո Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե ուկրաինական կարգավորման հարցում առաջխաղացում դեռ չկա։

Մոսկվա ժամանելուն պես Հունգարիայի վարչապետը լուսանկար էր հրապարակել «Վնուկովո» օդանավակայանից և գրել՝ խաղաղության առաքելությունը շարունակվում է, երկրորդ կանգառը՝ Մոսկվա։ Առաջին կանգառը երեք օր առաջ Կիևում էր, որտեղ նա Ուկրաինայի նախագահին հրադադար հաստատելու առաջարկ էր արել։ Ավելի ուշ Զելենսկին ասել է, որ չի ընդունել Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու Օրբանի առաջարկը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ առանց հստակ պլանի հրադադարը կնշանակի հակամարտության սառեցում, ոչ թե ավարտ։ Ուկրաինայի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը կարող է օգտվել դադարից՝ ուժեր կուտակելու և ռազմական գործողությունները վերսկսելու համար։

Իսկ նախօրեին Պուտինն էր Աստանայում հայտարարել, թե Մոսկվան պատրաստ չէ միակողմանի հրադադարի, և որ միջնորդները դժվար թե կարողանան ապահովել Ուկրաինայում պատերազմի ավարտը։

Սրա հետ մեկտեղ, Ռուսաստանի նախագահը, իր իսկ խոսքով, լուրջ է վերաբերվում Ուկրաինայում պատերազմն արագ դադարեցնելու՝ ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մտադրությանը:

«Այն, որ պարոն Թրամփը որպես նախագահի թեկնածու հայտարարում է, թե ուզում է շատ արագ վերջ տալ պատերազմին Ուկրաինայում, մենք դրան բավականին լուրջ ենք վերաբերվում: Ես, իհարկե, ծանոթ չեմ Թրամփի կոնկրետ առաջարկներին, և սա առանցքային հարց է, բայց չեմ կասկածում, որ նա դա անկեղծ է ասում, և մենք դա ողջունում ենք», - հայտարարել է Պուտինը:

Ամեն դեպքում, վերջին շաբաթներին և՛ Կիևից, և՛ Մոսկվայից հաճախ են հնչում հնարավոր բանակցությունների մասին հայտարարություններ:

Վլադիմիր Զելենսկին երեկ Bloomberg-ին ասել էր, թե իր կարծիքով պատերազմը հնարավոր կլինի ավարտել, եթե միջնորդի դերում հանդես գան Միացյալ Նահանգներն ու Չինաստանը. - «Որպեսզի պատերազմը Կիևի և աշխարհի համար արդար ավարտվի, ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և միասին հանդես գան որպես միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում»։

Զելենսկու խոսքով՝ Պեկինը լուրջ դեր կարող է ունենալ պատերազմը դադարեցնելու հարցում, քանի որ Ռուսաստանը մեծապես կախված է չինական շուկայից։ Ուկրաինայի նախագահն ասել է՝ համաձայն է Ֆինլանդիայի նախագահի հետ, ով ավելի վաղ ասել էր, թե Չինաստանի նախագահի մեկ հեռախոսազանգը կլուծեր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը։

Պաշտոնական Պեկինը, սակայն, այս հայտարարություններին դեռ չի արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG