Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Իսրայելում՝ պատանդներին «անհապաղ» վերադարձնելու հարցով


Երեկ Իսրայելում կես միլիոն մարդ է փողոց դուրս եկել՝ Նեթանյահուի կառավարությունից պահանջելու Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի հետ լուծման հասնել պատանդներին «անհապաղ» վերադարձնելու հարցով։

Երկրում դժգոհության նոր ալիք է բարձրացել իսրայելցի վեց պատանդների մարմինները հայտնաբերման ֆոնին, որոնք Գազայի հատվածում էին պահվում անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին ծայրահեղական «Համաս»-ի զինյալների հարձակումից ի վեր։

Times of Israel-ի փոխանցմամբ՝ Թել Ավիվում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներ, խլացուցիչ նռնակներ է կիրառել, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդվում է շուրջ երեք տասնյակ ձերբակալվածի մասին։

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը երեկվա իր ելույթում պնդել է՝ Նեթանյահուի վարչակազմը պաղեստինյան խմբավորման հետ պայմանավորվածությունները հետաձգում է քաղաքական նկատառումներով:

«Այնտեղ դեռ կենդանի պատանդներ կան, մենք դեռ կարող ենք գործարք կնքել, բայց Նեթանյահուն չի համաձայնում դրան քաղաքական պատճառներով», - Լապիդի խոսքերն է մեջբերում The Jerusalem Post-ը:

Իսրայելի իշխանությունները վստահեցնում են՝ պատանդներին փրկելը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթությունը։ Ի նշան բողոքի այսօրվանից Իսրայելում համընդհանուր գործադուլ է հայտարարվել, որին միացել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը, պետական գերատեսչություններ, ուսումնական հաստատություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG