71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանն այս տարվա ամռան մի օր հարազատներով նշել է հանգուցյալ մոր ծննդյան օրն ու հիշել նրա շիրիմը, որ մնացել է Արցախում, հետո աչքն ընկել է հեռուստացուցին, որտեղ խաշլամա էր ուտում Նիկոլ Փաշինյանը։
«Դուրս եկա, մի հատ ծխեմ, տեսա՝ այնտեղ կանգնած է», - այսօր դատարանում պատմեց տարեց արցախցին։
Նա չհերքեց՝ իններորդ հարկից խնձոր է նետել, ասաց, բայց ոչ թե հենց իրենց բակում գտնվող վարչապետի վրա, այլ այդ ուղղությամբ։ Դատավորին բացատրեց՝ բողոքի ակցիա է արել՝ օրինակ վերցնելով Հայաստանում անցկացված ակցիաներից։ Նույն այդ օրերին, օրինակ, եվրոպամետներն էին բողոքել Բելառուսի դեսպանատան առջև, կարտոֆիլ, ձու և լոլիկ նետել շենքի վրա։
«Մեր տանը բան չկա ուտելու, հեռուստացույցով նայում ես, ինքը խաշլամա է ուտում, հեծանիվ է քշում։ Ջղայնացել էի։ Ամեն ինչ թողել եմ, եկել այստեղ», - ասաց նա։
Իրավապահներն Ալբերտ Առստամյանի այս բողոքի ակցիան որակել են խուլիգանություն, որ դրևսորվել է հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքով, հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով: Այդ հոդվածով նախատեսված է առավելագույնը 2 տարվա ազատազրկում։
Այսօր դատարանում տարեց արցախցին պնդեց՝ Փաշինյանի քաղաքականության դեմ է եղել իր արարքը, բայց որևէ մեկը իր խնձորի թիրախը չէր։ Շեշտեց՝ ոչ ոք չի տուժել. - «Ինքն եկել է Ստեփանակերտ, ասել՝ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ, հետո եկել էստեղ, թե՝ Ղարաբաղը Ադրբեջան է <> Ինքը զգա, որ ճիշտ չի եղել մեր՝ ղարաբաղցիների հանդեպ, ես ուզում էի դա ասել»։
Արցախցու համար ճակատագրական դարձած կարմիր խնձորից, ըստ քրեական գործի, իսկապես ոչ ոք չի տուժել, այն դիպել է բակում կայանած մեքենային։ Տուժող չկա, բայց դա չի խանգարել իրավապահներին այն որակել հանցագործություն։
Հարցին, թե արդյոք մի խնձոր նետելը հանցագործություն է, դատական նիստից հետո դատախազ Եսայի Աբովյանը միայն ասաց. - «Համարել ենք, դրա համար մեղադրանք է առաջադրվել»։
Փաստաբան Ռոման Երիցյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ խուլիգանությունն այն է, երբ դիտավորությամբ բացասական վերաբերմունք է դրսևորվում հասարակության հանդեպ՝ նրանց անդորրը խանգարելով. - «Վկան ցուցմունք տվեց, որ անգամ իրենց ծառայողական գործունեությունը չի խաթարվել, այսինքն՝ ոչ մեկը դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Վկայի տված ցուցմունքից հետևում է, որ այդ գործողությունները ենթադրել են ընդամենը բողոքի ակցիա՝ քաղաքական դժգոհության արտահայտում»։
Իսկ վկան Պետական պահպանության ծառայության աշխատակից Գրիգոր Մանուկյանն է, որը դատարանում ասաց՝ տեսել էր կարմիր խնձոր, որ նետել են վերևի հարկերից մեկից, բայց դրանից իրենց գործունեությունը չի խաթարվել։
Տարեց արցախցու քրեական հետապնդումը փաստաբանը որակեց խտրական, հիշեցրեց նմանատիպ դեպքերը, օրինակ՝ իրավապահները հանցագործություն չտեսան, երբ խորհրդարանի խոսնակը թքել էր քաղաքացու վրա։ Ստացվում է, որ պաշտոնյաները կարող են նման արարք թույլ տալ իրենց, մնալ անպատիժ, բայց երբ քաղաքացին իր վրդովմունքն է հայտնում, դառնում է ամբաստանյալ։
Ձեռնափայտով դատարան եկած 71-մյա արցախցին նիստից հետո «Ազատությանն» ասաց՝ ցավ էր ապրում մոր ծննդյան օրը, երբ գիտակցում էր, որ էլ չի կարող այցելել շիրիմին։