Մատչելիության հղումներ

Պատշգամբից խնձոր վարչապետի ուղղությամբ․ ականատեսների խոսքով՝ իրարանցում է սկսվել, նետողին ազատազրկում է սպառնում


Զեյթուն, Երևան
Զեյթուն, Երևան

Քաղաքացուն ընդհուպ երկու տարվա ազատազրկում է սպառնում

9-րդ հարկի պատշգամբ, շենքի տակով անցնող վարչապետ ու ցած նետված մեկ հատ խնձոր։ Տուժածներ չկան, բայց վարչապետի ուղղությամբ խնձորն ուղարկած տղամարդուն ընդհուպ երկու տարվա ազատազրկում է սպառնում։

«Ես կարծում եմ՝ այս ամեն ինչը պայմանավորված է զուտ խնձորի թիրախով, երբ որ խնձորի թիրախը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանը, խուլիգանության առաջին մասով քրեական վարույթ են նախաձեռնում։ Եթե օրինակ՝ տանձ լիներ, կարող է խուլիգանության երկրորդ մասով նախաձեռնեին, եթե ձմերուկ լիներ, խուլիգանության երրորդ մասով և այդպես շարունակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Առուստամյանի շահերը ներկայացնող փաստաբան Ռոման Երիցյանը։

Մի քանի օր առաջ Երևանի Զեյթուն թաղամասի 71-ամյա բնակիչ Ալբերտ Առուստամյանն իրենց բակում վարչապետին է տեսել 9-րդ հարկի իր պատշգամբից, խնձոր է վերցրել ու նետել նրա ուղղությամբ։ Ոստիկանները հաշված ժամերի ընթացքում և՛ տունն են գտել, և՛ խնձորը նետողին։ Տարեց տղամարդուն հենց նույն օրն ազատազրկել են, տարել ձերբակալվածների պահման վայր, ավելին՝ ոստիկանության բաժանմունք են տեղափոխել նաև ընտանիքի անդամներին։

Փաստաբան Երիցյանն ասում է՝ քննչական գործողություններն այսքանով չեն սահմանափակվել. - «Տանը եղել է խուզարկությանը քրեական դատավարության տեսանկյունից նմանվող գործողություն, սակայն խուզարկության վերաբերյալ որոշում Ալբերտը չի ստացել։ Չափումներ են իրականացրել, պահարաններ են բացել-փակել։ Սա, ըստ էության, քրեական դատավարության տեսանկյունից բացառապես համահունչ է խուզարկության գործողությանը, բայց խուզարկությունը կարող է կատարվել միայն դատական ակտով, որի օրինակը պետք է տրամադրեն տանը ներկա անձանց, բայց որևէ դատական ակտ չի տրամադրվել»։

ՔԿ-ից հայտնում են՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ վարույթ են նախաձեռնել, 71-ամյա տղամարդուն մեղադրանք են առաջադրել՝ խուլիգանության հոդվածով, ապա ազատ են արձակել երկրից չբացակայելու պայմանով։

Ականատեսների խոսքով՝ քննիչներն անցել են տներով

Վերևից ընկած խնձորի շուրջ քննարկումները դեպքի վայրում չեն դադարում։ Ականատեսների խոսքով՝ խնձորը վարչապետի հարևանությամբ է վայրէջք կատարել։ Թե ինչ է տեղի ունեցել հետո, առանց տեսախցիկների են պատմում՝ իսկական իրարանցում է սկսվել, անգամ փրկարարներն են եկել, քննիչներն անցել են տներով ու ստուգել՝ ում տանն ինչ տեսակի խնձոր կա՝ նետվածի հետ համեմատելու համար։

Բնակիչներն ասում են՝ այստեղ Փաշինյանի ազգականն է ապրում, հյուր էր եկել։ Առուստամյանների ընտանիքը մեկնաբանություն տալ չի ցանկանում։

71 ամյա տղամարդու փաստաբանը վստահ է՝ եթե վարչապետի փոխարեն սովորական քաղաքացու ուղղությամբ խնձոր նետվեր, իրավապահներն այսպես չէին արձագանքի։ Նա մեկ այլ աղմկահարույց պատմություն է հիշում, անցած տարի մի քաղաքացի պնդում էր, թե ԱԺ նախագահն իր վրա թքել է։ Ալեն Սիմոնյանը թեև չհերքեց, որ նման բան է եղել, իրավապահներն այս պատմությանը որևէ կերպ չարձագանքեցին։

«Եթե Ալեն Սիմոնյանը քաղաքի մեջ՝ հանրային վայրում, քաղաքացու վրա թքում է, ոչ մի քրեական վարույթ չեն նախաձեռնում, բայց Փաշինյանի ուղղությամբ խնձոր են նետում, միանգամից նախաձեռնում են, անձինք են ձարբակալվում, նրանք ընտանիքի անդամներն են ոստիկանության բաժին տեղափոխվում, և խուլիգանության դրվագով քրեական վարույթ է նախաձեռնվում, ինչպիսի՞ն պետք է լինի դիրքորոշումը», - հավելեց փաստաբանը։

Իրավապահները դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հայտնում, միայն ասում են՝ այժմ նախաքննություն է ընթանում։ Քրեական օրենսգիրքը խուլիգանության համար պատժի մի քանի տարբերակ է նախատեսում՝ տուգանքից մինչև առավելագույնը երկու տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG