Բաքվի դատարանը երեկ քննել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի վերքննիչ բողոքն ու ուժի մեջ թողել նրա կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը։
Փաստաբան Ջավադ Ջավադովին Turan-ին փոխանցել է, որ Մամեդլին ազատազրկման նախնական ժամկետի երկարաձգումն անհիմն է համարում և քրեական հետապնդումը կապում է իր գործունեության հետ։
Փաստաբանը նաև ասել է, որ Մամեդլիի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ, նրան համապատասխան բժշկական օգնություն չի ցուցաբերվում։
Իրավապաշտպանին բժշկական օգնություն ցուցաբերելու հարցով պաշտպանական կողմը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Անար Մամեդլին նախկին քաղբանտարկյալ է, 2013 թվականին նա ազատազրկման էր դատապարտվել տնտեսական հանցագործողությունների մեղադրանքով։ Ազատ արձակվելուց հետո Մամեդլին գլխավորել է «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարական ուսուցման» կենտրոնը, որն անցած փետրվարին կոշտ քննադատել էր նախագահական արտահերթ ընտրությունների ընթացքն ու արդյունքները։
Այս տարվա ապրիլի վերջին նա կրկին ձերբակալվել է, ապա 4 ամսով կալանավորվել։ Մամեդլին այս անգամ անցնում է Abzas Media-ի դեմ հարուցված քրեական գործով։ Նրան մեղադրում են մաքսանենգության համար։ Մամեդլիի փաստաբանները հայտարարել են, որ իրավապաշտպանը ներկայացված մեղադրանքը չի ընդունում։
Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել հայտնի իրավապաշտպանի ձերբակալության կապակցությամբ՝ Ալիևի վարչակազմից պահանջելով անհապաղ ազատ արձակել «անարդարացի կերպով ձերբակալվածներին»։