Մատչելիության հղումներ

Բաքուն քննադատում է Լեհաստանի նախագահին, բողոքի նոտա հղում Վարշավային


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպում է Հայաստանում Եվրամիության առաքելության դիտորդների հետ, 27-ը նոյեմբերի, 2024թ.
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպում է Հայաստանում Եվրամիության առաքելության դիտորդների հետ, 27-ը նոյեմբերի, 2024թ.

Բաքուն չսահմանափակվեց Լեհաստանի նախագահի հասցեին կոշտ քննադատությամբ և հեգնական հայտարարություններով: Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Գրեչիլոն, որին բողոքի նոտա է փոխանցվել Անջեյ Դուդայի՝ Հայաստանի Երասխ գյուղ այցելելու և Եվրամիության առաքելության դիտորդների հետ հանդիպման համար։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Լեհաստանի նախագահն «այցելել է դեռևս հայկական օկուպացիայի տակ գտնվող Քյարքի գյուղին հարակից տարածքներ, Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության հետ միասին մասնակցել է հակադրբեջանական քարոզչությանը»։

Բաքուն լեհ դիվանագետին նախազգուշացրել է՝ «այդ սադրանքը հակասում է ադրբեջանա-լեհական հարաբերություններին, և հարկավոր է խուսափել Ադրբեջանի անվտանգային լեգիտիմ շահերին առնչվող նման քայլերից»։

Ադրբեջանից հնչող այս կոշտ հայտարարություններին Վարշավայից և Երևանից դեռ արձագանք չկա։ Լեհական կողմը մինչ այս պահն անպատասխան է թողել նաև Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության երեկվա հայտարարությունը, որում Բաքուն նախագահ Դուդայի՝ դիտորդների հետ պարեկությունը «հեռադիտակային շոու» էր անվանել և սպառնացել «համապատասխան միջոցներ ձեռնարկել»։

Ոչ բարեկամական քայլ ռազմավարական գործընկերոջից, որն ափսոսանք է հարուցում, ադրբեջանական CBS հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի իշխանամետ պատգամավոր Ազեր Ալահվերանովը:

Շուրջ տասը րոպե քաղաքական գործիչը փորձում էր պատասխան գտնել՝ ինչո՞ւ բարեկամ Դուդան «նման սադրանքի դիմեց»՝ այցելելով Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդներին, հստակ իմանալով, որ Իլհամ Ալիևը քննադատում և լրտես է համարում նրանց։

Պատասխանները շատ են, ինքն իր հարցին արձագանքում է ադրբեջանցի պատգամավորը․ «դիտորդների թվում ազգությամբ լեհ կա», «Անջեյ Դուդան Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր է, իսկ կառույցը հայտնի է իր հակաադրբեջանական հայացքներով», «կամ էլ Լեհաստանի նախագահը ցանկացել է այդ քայլով ամրապնդել Հայաստանի եվրաինտեգրման դիրքերը», - ենթադրում է Ալահվերանովը։

Դուդայի հայաստան պաշտոնական այցը հաջորդում է նրա Բաքու կատարած այցին։ Լեհաստանի առաջնորդն Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցել էր ՄԱԿ-ի կլիմայական հավաքին և առանձնազրույց ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ։
Այդ այցը հատկապես լեհական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել:

Բելառուսի հետ խորը տարաձայնություններ ունեցող Լեհաստանի նախագահը Բաքվում անցկացված հավաքի շրջանակում հրաժարվել է մաս կազմել ընտանեկան լուսանկարին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատճառով: «Բայց խնդիր չի տեսել մեկ այլ բռնապետի՝ Իլհամ Ալիեւի ձեռքը սեղմելու մեջ», - նկատում են լեհական լրատվամիջոցները:

Wyborcza լեհական առաջատար պարբերականի թղթակիցը Բաքվից գրել է. - «Կլիմակայական համաժողովի ընթացքում Անջեյ Դուդան ադրբեջանական հանածոն «գանձ» է անվանել և գովաբանել COP29-ի նախագահությանը հավաքի հրաշալի կազմակերպման համար։ Մինչդեռ լեհական տաղավարն այդպես էլ մինչև իր ժամանումը չկառուցվեց և միայն առաջին շաբաթվա ավարտին պատրաստ եղավ»։

XS
SM
MD
LG