«Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին՝ ելույթ ունենալով Նախիջևանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում։
Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, թե Հայաստանի կողմից թունավոր թափոններ են նետվում Ադրբեջան հոսող գետեր, որի հետևանքով «հարյուրավոր թռչուններ և ձկներ են ոչնչացվել»։
«Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտումը շարունակվում է նաև այսօր, սա հանգեցնում է Արաքս գետի մոտ կենդանական և բուսական աշխարհի ոչնչացմանը, Հայաստանը շարունակում է բնության դեմ իր գործողությունները», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Նույն համաժողովում ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ իր հերթին պնդելով, որ Հայաստանը «միտումնավոր աղտոտում է Արաքս գետը՝ քիմիական և ռադիոակտիվ թափոններով, և այդ գործընթացը շարունակվում է մինչ այս պահը»։
Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել այս հաղորդումներին։
Նման մեղադրանքներ Բաքուն մեկ տարի առաջ էլ էր հնչեցնում՝ պնդելով, թե այդ գործունեությունը «լուրջ բացասական ազդեցություն ունի Ադրբեջանի բնապահպանական միջավայրի վրա»։
Անցյալ տարի Բաքուն դատապարտել էր նաև Նախիջևանի սահմանից 800 մետրի վրա, Երասխ գյուղի Բարեկամության փողոցում մետղաձուլական գործարան կառուցելու ծրագիրը։ Բաքվի պարբերաբար բողոքների ու կրակոցների ֆոնին, իսկ կրակոցներն ակտիվանում էին շինարարության պիկ ժամերին, և դրանց հետևանքով նույնիսկ երկու աշխատող էր վիրավորվել, պողպատի գործարանի կառուցումը դադարեցվեց և այն տեղափոխվեց Արարատ մարզի մեկ այլ բնակավայր՝ Երասխից ու հայ - ադրբեջանական սահմանից մոտ 20 կիլոմետր հեռու, թեև հայկական կողմը բազմիցս ընդգծել էր, որ այդ գործարանը շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում: