Ադրբեջանը Մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է Լեռնային Ղարաբաղում ու հարակից շրջաններում էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի իրավունքները։
Հայաստանի՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից պարզաբանում են, որ խոսքը նոր հայցի մասին չէ, սա ներկայացվել էր դեռ 2023-ի փետրվարին, այժմ Բաքուն դատարան է ուղարկել փաստաթղթերի ամբողջական փաթեթը, ինչպես նախատեսված էր ժամանակացույցով։
«Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի շուրջ երեսուն տարվա օկուպացիայի ընթացքում Հայաստանը թույլ չի տվել Ադրբեջանին մուտք գործել կամ զարգացնել իր տարածքի էներգետիկ ռեսուրսները: Փոխարենն այդ ռեսուրսներն օգտագործվել են ի շահ Հայաստանի։ Դրանք ներառում են Թարթառ գետի վրա Սարսանգի ՀԷԿ-ը, այլ հիդրոէլեկտրակայանները Իրանի հետ սահմանին, ինչպես նաև նախկինում չօգտագործված էներգետիկ ներուժը, վերականգնվող աղբյուրները», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում:
Ադրբեջանական կողմը նաև պնդում է, որ Հայաստանը լիցենզավորել և կարգավորել է Թարթառ գետի հիդրոէլեկտրակայանի գործունեությունը և այն միացրել է իր ներքին էլեկտրական ցանցին, հետևաբար Բաքուն շարունակելու է փոխհատուցում պահանջել «Հայաստանի կողմից իր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի իրավունքների խախտումների համար»։
«Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ դրա նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է, իսկ ադրբեջանական կողմը սա փորձում է կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ», - հայտնում են Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից՝ ի պատասխան Բաքվի հայտարարության։
Այս գործով արբիտրաժային դատարանում արդեն տեղի է ունեցել նախնական նիստ, սահմանվել է ժամանակացույց, ըստ որի նոյեմբերի 19-ը Ադրբեջանի համար նախատեսված վերջնաժամկետն էր փաթեթը դատարան ուղարկելու համար, իսկ Հայաստանը դրանց կպատասխանի դեկտեմբերի 23-ին։
«Իրավական գործընթացներում Ադրբեջանի առավելություններն առայժմ չենք տեսնում»
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ Հայաստանը նախ պետք է ստանա Ադրբեջանի ամբողջական գանգատը, ապա ներկայացնի իր առարկությունները, ինչից հետո գործը կարող է զարգանալ տարբեր սցենարներով։
«Կարող է վաղեմության ժամկետները խնդիր լինեն, կարող է խնդիր լինի, որ ինքը ինչ-ինչ ընթացակարգեր չի սպառել, նյութական իրավունքի հետ, ի վերջո, պետք է ապացուցի, որ այդ ամեն ինչը վերագրվում է Հայաստանին, այլ ոչ թե որևէ այլ միավորի, որն է Արցախի Հանրապետությունը», - ասաց Ղազարյանը:
Բացի այդ այս պահին դեռ պարզ էլ չէ, թե Արբիտրաժային դատարանը կընդունի՞, որ ունի իրավազորություն քննելու այս գործը, այս մասին դատարանը դեռ չի հայտնել։
Արա Ղազարյանը հիշեցնում է, որ օրինակ, Արդարադատության միջազգային դատարանը անցյալ շաբաթ հրաժարվել էր քննության առնել «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով Բաքվի հայցի մինչև 1996 թվականի իրադարձություններին վերաբերող հատվածը։
Ղազարյանի կարծիքով՝ պատահական չէ, որ Բաքուն քաղաքական բանակցությունների ընթացքում փորձում է առաջ առաջ մղել միջազգային դատարաններում գործերից հրաժարվելու տարբերակը։
«Ադրբեջանը փորձում է քաղաքական բանակցություններով հասնել արդյունքի, որովհետև ինքն առավելություն ունի, իսկ իրավական գործընթացներում Ադրբեջանի առավելություններն առայժմ չենք տեսնում, երկու ատյաններում Ադրբեջանն անընդհատ պարտվում է, հիմա էլ Ադրբեջանը նոր բեռ ունի, Արցախի բեռն է, էդ իրավական բեռի տակից չի կարող դուրս գալ», - ընդգծեց նա:
Ադրբեջանը դատարան է դիմել Էներգետիկ խարտիայի համաձայնագրի հիմքով, որը սահմանում է էներգետիկ, հանածո վառելիքի արդյունաբերության կանոններ, ներառում է վեճերի լուծման ընթացակարգեր և այլն։