Մատչելիության հղումներ

Բաքուն արդեն չորրորդ օրն է հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար, Երևանը հերքում է


Հայ զինվորը՝ մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը՝ մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Բաքուն արդեն չորրորդ օրն է հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հայտնել է, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մարտի 18-ին՝ ժամը 22:20-ից մինչև մարտի 19-ը, ժամը 01:40-ը, արևելյան՝ Վարդենիսի, Վերին Շորժայի հատվածներից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հերքել է այս պնդումը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։

Կիրակի օրվանից Բաքուն նման 8 մեղադրանք է ուղղել Երևանին, Երևանը հերքել է, ավելին՝ հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում, սակայն, վարչապետի աշխատակազը երեկ փաստել է, որ մինչ այժմ ոչ մի փաստական տվյալ Բաքուն չի ներկայացրել Երևանին։

Այսօր հայկական կողմը կրկին վերահաստատել է իր այս առաջարկը։

Երևանից երեկ Բաքվին նաև կոչ են արել խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։ Գործադիրից հավաստիացրել են՝ Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով։

Բաքուն, սակայն, օրվա ավարտին ընդլայնել է մեղադրանքների շրջանակը՝ պնդելով, թե Հայաստանը սահմանին հարձակողական սպառազինություն է տեղակայում։

«Եթե Հայաստանի կառավարությունը ղեկավարվում է վարչապետի աշխատակազմի կողմից հայտարարված խաղաղության օրակարգով, ապա ժամանակն է պարզաբանում տալու, թե ինչպես են Հայաստանի սահմանային գոտիներում լայնածավալ ռազմական կուտակումները, այդ թվում՝ հարձակողական սպառազինության տեղակայումը, համահունչ այդ խաղաղության օրակարգին», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր վերահաստատել է՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG