Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանն անհանգիստ է, որ խորհրդարանի բացօթյա սրճարանը չհասցնեն կառուցել մինչև 2026 թվականի ընտրությունները։
«Գոնե հասցնեն մինչև 26 թիվը, կարող է հետո ես չընտրվեմ հանկարծ», - «Ազատության»-ն ասաց նա։
Ազգային ժողովը մոտ 30 հազար դոլար է հատկացրել, որ բացօթյա սրճարան - բար կառուցվի։ «Հետք»-ն է պարզել, Ազգային ժողովը հունիսին պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ընկերության հետ։ Ընկերությունն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով, սրճարանը մինչև սեպտեմբեր պատրաստ կլինի, վստահեցնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության ղեկավարը։
«Կարծում եմ՝ աշխատանքները մինչև սեպտեմբեր արդեն կամփոփվեն, ու բացօթյա ճաշարանը պատրաստ կլինի գործելու», - ասաց Լաուրա Անտոնյանը։
ԱԺ բակում սրճարան կառուցելու անհրաժեշտության մասին իշխանականները երկու տարի է՝ խոսում են։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն անգամ ամբիոնից հայտարարեց այդ մասին, երբ մտադրվել էին նաև խորհրդարանի պատերից դուրս կազմակերպել Ազգային ժողովը լուսաբանող լրագրողների աշխատանքը։
Բազմաթիվ խնդիրներ ունեցող Հայաստանում ինչո՞վ է հրատապ խորհրդարանում բացօթյա սրճարանի հարցը, այդ ի՞նչ կարևոր հարց է լուծվում, որ 11 միլիոն դրամ են ծախսում։ Իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ շատ ոգևորվել է այս գաղափարից, կարծում է՝ գեղեցիկ, կանաչ միջավայրում հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեն։
«Էն որ ասում է՝ եթե իմ տրամադրությունը բարձր լինի, ես էլ քեզ նենց տեղ կհասցնեմ, որ քո տրամադրությունն էլ բարձր կլինի, հիմա եթե մեր տրամադրությունը բարձր լինի, մենք ավելի լավ կաշխատենք», - ասաց նա։
Հովիկ Աղազարյանը, որ 2018 թվականից է պատգամավոր աշխատում, կարծում է՝ այսպիսով նաև քաղաքացիների հետ հանդիպումը կլինի հավասարը հավասարի հետ։ Իսկ աշխատասենյակում ընդգծվում էր պաշտոնական դիրքն, ու դա իրեն կաշկանդում էր, ասաց նա։
ՔՊ-ական Աղազարյանը շատ է կարևորում սրճարանի դերը պատգամավորների աշխատանքում, այստեղ կկարողանան լիցքաթափվել լարված աշխատանքից հետո, բացի այդ, մատչելի կլինի, քան մյուս սրճարանները։
Խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Լաուրա Անտոնյանը պարզաբանում է՝ ժամանցի համար չէ, այլ ԱԺ աշխատակիցների ընդմիջումը կազմակերպելու։ Ըստ նրա՝ Ազգային ժողովի փակ ճաշարանի տարածքը բավարար չէ, ոչ բոլորն են հասցնում ճաշել. - «Փոքր է տարածքը լինում, լինում է, որ 1-ից 2-ը ընդմիջման ժամին աշխատակիցները չեն էլ հասցնում ընդմիջում անել, որովհետև հերթ է լինում ճաշարանում, և այդպես գաղափար առաջացավ, որ կարելի է ունենալ նաև ամռան ամիսների համար բացօթյա ճաշարան»։
Երկու տարի առաջ սրճարան կառուցելու մասին խոսելիս խորհրդարանի խոսնակը նշում էր, թե լրագրողների աշխատանքը այդպիսով կհամակարգվի։ Նա համարում էր, որ ոչ մի երկրում լրագրողների մուտքը այդպես արտոնված չէ, ինչպես Հայաստանում։
Իսկ իշխանության գալուց անմիջապես հետո բացել էին Ազգային ժողովի ու նախագահականի դարպասները, թե ժողովրդի առաջ փակ չեն կարող լինել դրանք։ Կարճ ժամանակ անց զոդվեցին այդ դարպասները, պարիսպներն ավելի բարձրացան։ Լրագրողների տեղաշարժն էլ սահմանափակվեց խորհրդարանի տարածքում։
Հնարավո՞ր է սրճարանը կառուցելուց հետո Ալեն Սիմոնյանի նշած համակարգումը լինի, և լրագրողների մուտքը սահմանափակվի՞, Հովիկ Աղազարյանը դեմ է դրան։ Իր թիմակցի՝ Ալեն Սիմոնյանի հետ էլ համաձայն չէ։
«Որովհետև լրագրողի աշխատանքը հենց խորհրդարանում է, անմիջապես եռուզեռի մեջ, մթնոլորտն էլ է շատ կարևոր», - նշեց իշխանական պատգամավորը։
Սրճարանը կառուցում են խորհրդարանի մասնաշենքերի ետնաբակում՝ փակուղային հատվածում։ Խորհրդարանի գլխավոր ու մյուս մուտքերից չի երևա։