15 զինծառայողի կյանք խլած Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստին այսօր դարձյալ ցուցմունք տվեց առանցքային մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանը։ Նա ևս մեկ անգամ ընդունեց՝ ինքն է հրդեհի բռնկման մեղավորը: Ասաց, թե 12 րոպե փորձել է մարել կրակը, չի կարողացել:
Հրդեհը, ըստ ամբաստանյալի, բռնկվել է վառարանի կրակը բենզինով թեժացնելու հետևանքով: Սա նաև հրդեհի բռնկման պաշտոնական վարկածն է: Իսկ արդյոք վառարանը թեժացնելիս կապիտանը միայնակ է եղել, ինքը՝ Հակոբյանը, շարունակում է պնդել՝ երկու զինծառայողներ են եղել իր հետ:
Մինչդեռ գործով վկա զինծառայողները հերքում են, թե իրենք վառարանի մոտ են եղել Հակոբյանի հետ միասին: Ռադիկ Մաթևոսյանն այսօր ասաց, թե ինքը կացարանին մոտեցել է, երբ արդեն հրդեհը բռնկված է եղել:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը նկատեց՝ մեղադրյալ Եղիշե Հակոբյանը նախաքննության ընթացքում չէր նշել երկու զինծառայողների ներկայության մասին: Սա, ըստ փաստաբանի, կասկածներ է հարուցում, որ Հակոբյանը ամբողջ իրականությունը չի ներկայացնում: Մեղադրյալը, սակայն, պնդեց, թե նախաքննութան ընթացքում ինքը շատ բաներ չի հիշել։
Անցած տարվա սեպտեմբերից մեկնարկած դատաքննության ընթացքում մեղադրյալների, վկաների տված ցուցմունքները համոզիչ չեն տուժող կողմի համար: Նրանց փաստաբանը պարբերաբար պնդում է՝ բազմաթիվ հակասություններ կան նախաքննության ու դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների միջև: Որդեկորույս ծնողները համոզված են՝ դեպքի իրական պատճառները թաքցվում են, մեղավորներից ոմանք անպատիժ են մնում:
«Տուժող կողմը իր նախկինում արտահայտած ամբողջ դիրքորոշումները վերահաստատում է, ճիշտ հակառակը՝ ամեն անգամ նոր վկայի ցուցմունքով էլ ավելի է խճճվում այս քրեական վարույթի վերաբերյալ մեր պատկերացումը», - ասաց Նորայր Նորիկյանը։